Nike սպորտային մակնիշը հայտարարել է նոր ջինսերի առաջիկա թողարկման մասին, որոնցով կարելի կլինի զբաղվել սպորտով: Ինչպես հաղորդել է The Marketwatch-ը, ընկերությունն արդեն համապատասխան արտոնագրի ձեւակերպման հայտ է ներկայացրել:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գործվածքը, որով կկարեն ջինսերը, կայուն է խոնավության նկատմամբ եւ դիմացկուն: Մոդելներն իրենցից կներկայացնեն լեգինսների եւ ջինսերի խառնուրդ: «Ջինսի սովորական գործվածքը համեմատաբար դիմացկուն է, բայց այն չունի ձգունություն եւ այլ բնութագրեր, որոնք անհրաժեշտ են սպորտային, հատկապես էքստրեմալ մարզաձեւերով պարապմունքների համար: Մենք դա կուղղենք»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Nike-ը հիմնվել է 1964 թվականին ԱՄՆ-ում եւ սկզբնապես անվանվում էր Blue Ribbon Sports: Կենտրոնակայանը գտնվում է Բիվերթոնում (Օրեգոնի նահանգ): Արտադրանքը թողարկվում է նաեւ Nike Golf, NikeLab, Nike Pro, Nike+, Air Jordan եւ Nike Skateboarding բրենդներով: