Մեծ մարդկանց մասին կամ պիտի լռել կամ դարձյալ լռել՝ թույլ տալով, որ զուսպ լռության մեջ լսելի լինեն իրենք՝ իրենց էությամբ, իրենց արվեստով: Սեպտեմբերի 13-ին Երևանի ժամանակակից անկյուններից մեկում երիտասարդներն իրարանցման մեջ էին. աթոռներ էին տանում-բերում, հայացքով խնդրում, երբեմն էլ պահանջում լավ տեղերը թողնել հենց իրենց: Չորս ընկերներս նախանշված ժամից քառասուն րոպե շուտ էինք ներկայացել. չէ, ամենևին էլ ամենալավ աթոռներին հասնելու նպատակ չունեինք, միայն թե, թեկուզ անկյունում, բայց աթոռ գտնեինք, որ նստեինք ու խաղաղ ժպտայինք:

Իրարանցումը դադարեց, երիտասարդների հայացքները հասան բեմին, ուր դանդաղ քայլելով եկավ ինքը՝ Տիգրան Մանսուրյանը: Մարդկանց հայացքը ՝ պատրաստ թափանցելու մարդու վերջին բջիջը, Մանսուրյանին տեսնելով՝ մեղմացավ:

Իսկ մաեստրոն խոսեց, չէր հասցրել մի քանի բառ ասել, երբ տեխնիկան ընդհատեց նրան՝ հենց իր երաժշտությամբ: Մի քանի վայրկյանում ամբողջ դահլիճը լցվեց մաքրությամբ: Դա անհրաժեշտ էր, որ խոսքից առաջ դահլիճը մաքրվեր ու կարողանար ընկալել մանսուրյանական խոսքը, իսկ ավելի ճիշտ՝ Մանսուրյանի երաժշտական դասը՝ ուղղված երիտասարդներիս:

«Ես հիմա մի տեսակ փակ եմ ապրում, բայց մենակ չեմ. ընկերներս են գրքերը՝ հատկապես Չարենցի, Սևակի, Իսահակյանի, պատիֆոնը, նոտագրություններս»:

Մենակ ապրող մարդու համար շատ կոկիկ տեսք ուներ Մանսուրյանը.տեսակն է էդպիսին: Տեսակի խնդիր է նաև բարևից հետո միանգամից խոսել ընկերներից , և նորից տեսակի խնդիր է ունենալ հենց այդպիսի ընկերներ:

Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: Այս առիթով մաեստրոն ասաց. «Չեմ կարծում, թե Հայաստանից հեռու կարողանայի կայանալ:Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նոտագրություն: Երբ չկա ուսուցիչ, երբ կատարյալ մենակ ես, երաժշտության ու քո միջև ուղիղ կապ է ձևավորվում»: Թերևս սա և շատ այլ հանգամանքներ դարձրել են Մանսուրյանի արվեստն այնպիսին, ինչպիսին որ է: Սիմֆոնիկ երկեր, խմբերգեր, վոկալ շարքեր, սոնատներ, ֆիլմերի համար երաժշտություն:

«Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Մենք ենք մեր սարերը», « Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և շատ այլ ֆիլմեր կիսով չափ Մանսուրյանինն են, քանի որ նաև իր երաժշտությամբ են դրանք այդքան ազգային ու մերը:

Հարց հնչեց՝ որն է Ձեր հին օրերի երգը…Կարճ, բայց դարձյալ խորը պատասխան. – Շիրակի դաշտերի երգերն իմ հին օրերի երգն են…

Դուք նկատեցի՞ք Մանսուրյանի ռեժիսուրան այս պատասխանում… Նկատեցի՞ք Շիրակի դաշտերով վազող երիտասարդ կամ էլ մանուկ Մանսուրյանին, ում շուրթերը շարժվում են երաժշտությամբ…

Մանսուրյանն ինքն է երաժշտություն…
Ողջ ընթացքում նայում էի նրան ու ուզում էի հարցնել՝ որն է Ձեր խաղաղությունը, էդ ո՞նց , էդ ինչո՞ւ եք էդքան խաղաղ… Այդ ընթացքում դահլիճից հարցեր էին ուղղում մաեստրոյին… ու երբ թմրությունից դուրս եկա, լսեցի Մանսուրյանի միտքը, ասաց.

– Իմ որոշումը սերն է …
Միայն Սիրով լցված մարդը կարող է այդքան խաղաղ լինել…
Հիշու՞մ եք չորս ընկերներիս, որ քառասուն րոպե շուտ էինք ներկայացել, հիշու՞մ եք աթոռ տանող-բերող ջահելներին, որ հայացքներով միմյանց պարտադրում էին, թե այստեղ չնստես, սա իմ տեղն է, իմ աթոռն է: Հիշու՞մ եք…

Ես էլ հիշում եմ, որ երբ մաեստրոն բեմում էր, աթոռ բերեցին, որ նստի, իսկ ինքը նստեց ու միանգամից ոտքի կանգնեց՝ ախր նստելով էս երեխեքս ինձ չեն տեսնի է…
Ողջ ընթացքում պատկառելի տարիքով մաեստրոն կանգնած էր բեմին, մենք՝ երիտասարդներս, դահլիճում նստած…
Շնորհակալություն հավերժի Տիգրան Մանսուրյանին:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

qahana.am