Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սարգսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց համայնքի գնդակոծության մասին: Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ՝ հակառակորդը երեկ գնդացիրներով 20 րոպեաչափ առանց դադարի գնդակոծել է Բաղանիսը: «Այս պահի դրությամբ դեռ չենք կարող ասել, թե ինչ նյութական կորուստներ ենք կրել: Սովորաբար, նման գնդակոծություններից հետո, երբ անձրև է լինում, նոր ակնհայտ է դառնում, թե քանի տանիք է վնասվել: Այս պահի դրությամբ՝ կրած կորուստների մասին որևէ բան չեմ կարող ասել»:


Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ գնդակոծության ժամանակ բաղանիսցիները թաքնվել են իրենց նկուղներում, թաքստոցներում, և թերևս, դրա հետևանքով է, որ մարդկային կորուստներ չեն եղել:

 

«Ճիշտ է՝ գյուղացիները կարողացել են ճիշտ կազմակերպվել, թաքնվել, բայց այսպես մինչև ե՞րբ կարող ենք շարունակել: Ամենակարևոր հարցը, որ անհանգստացնում է մեզ, սա է՝  էսպես մինչև ե՞րբ»:

 

Հիշեցնենք, որ  մայիսի 7-ին, ժամը 21-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա: 20 րոպեի ընթացքում 7 անգամ Բաղանիսը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել է: 

 

Աղավնի Սուքիասյան