Interfax գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է իրականացնում Ադրբեջանում՝ վտանգ ստեղծելով Ռուսաստանի համար:

 

Նրա խոսքով՝ Անկարան նաև բացասական դեր է խաղում արցախյան հակամարտության կարգավորման հարցում՝ բացահայտորեն աջակցելով Բաքվին ինչպես քաղաքական, այնպես էլ սպառազինության և տեխնոլոգիաների մատակարարման առումներով:

 

«Այս ամենը լուրջ սպառնալիքներ է ստեղծում նաև Ռուսաստանի հարավում, քանի որ տեղի է ունենում Դաղստանի հետ սահմանի մոտ»,-հավելել է Վիգեն Սարգսյանը:

 

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը: «Ներկա պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք. մեր կուրսանտների դասընթացներից մինչև գործողությունների համատեղ պլանավորում»,-հավելել է նա:

 

ՀՀ Պնախարարը նաև նշել է, որ Երևանը չի նախատեսում երկրի տարածքում բացել օտարերկրյա պետությունների նոր ռազմաբազաներ, այդ թվում՝ ռուսական, բայց նախատեսում է արդիականացնել Գյումրիում Ռուսաստանի բազան:

 

«Ներկայում Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ հաստատ չկան: Մենք նման հարցում չունենք նաև ռուսական կողմից»,-ասել է Սարգսյանը: