Այսօր' մարտի 1-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն: Եկեղեցում էին Մարտի 1-ի զոհերի հարազատները, ՀԱԿ դաշինքի անդամներ, ՀԱԿ քաղաքական գործիչներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը: Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէ հիշատակի հոգեհանգստի արարողությանը: Ներկա են Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության այլ անդամներ: Եկեղեցում ԳԱԼԱ-ի թղթակցի հարևանությամբ կանգնած 86 տարեկան մի տատիկ, ով չցանկացավ ներկայանալ «շատ գաղտնիքներ իմանալու» պատճառով, ասաց. «Սրբազանը լայաղ չէր արել գալ ու աղոթք հնչեցնե՞լ, բայց որ նախագահը էստեղ լիներ, հիմա վազելով կգար, չէ՞»:
ԳԱԼԱ-ի թղթակիցը ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ ներկա չէ Լևոն Տեր-Պետրոսյանը»: Նա պատասխանեց. «Մասնակցեք երթին, ամեն ինչ պարզ կդառնա»: Մեր հարցին՝ «Ելույթնե՞ր են հնչելու», նա հարցին հարցով անհասկանալի պատասխան տվեց. «Ես ասացի, որ ելույթնե՞ր են հնչելու»:
ԳԱԼԱ-ի թղթակիցը Լևոն Զուրաբյանին հարցրեց, թե ինչու ներկա չէ Լևոն Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց, որ բացարձակ տեղյակ չէ: Նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցուց երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձան:
Մելանյա Մելքումյան