Վիգեն Սարգսյանի վերջին հարցազրույցը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, բավական լայն արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում. դրա արձագանքները լսելի են դարձել նաև օվկիանոսից անդին, ուր, ըստ էության, որոշել են յուրատեսակ ուղերձ-պատասխան հղել հայաստանյան ղեկավարությանը՝ առնչվող մեր երկրին ամենահուզող խնդրին՝ արցախյան հիմնահարցին:

Այսպես՝ ամերիկացի հայտնի վերլուծաբաններից Սթիվեն Բլանկը, խոսելով տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման թեմայով, փորձելով գնահատել դրա հավանականությունն ու կենսունակությունը, կարծիք է հայտնել, որ ստատուս-քվոյի պահպանումն այն տեսքով, որն այժմ գոյություն ունի, անհնարին է: «Բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցելու դեպքում՝ կաճի բռնությունների կրկնության հավանականությունն, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ: Սակայն կողմերի զենքերն այսօր շատ ավելի բարձրակարգ են. սա կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների»,-իր խոսքում ընդգծել է Բլանկը՝ հավելելով՝ իրավիճակը կարող էր փոխվել, եթե Միացյալ Նահանգները հանդես գար խաղաղության ծրագրով՝ կողմերին խրախուսելով քննարկել այն բանակցային սեղանի շուրջ: Սակայն, դա նույնպես տեղի չի ունենում:

Այն, որ ԱՄՆ-ն մշտապես խանդով է վերաբերվել Ռուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած մեծ դերին ու գրեթե մշտապես փորձել խլել այդ առաջնայնությունը Կրեմլից, առանձնապես նորություն չէ: Ճիշտ է՝ միանգամայն թյուրիմացություն կլիներ կարծելը, թե մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն ներկա չէ, սակայն այն գործիքները՝ ներազդելու ողջ Անդրկովկասի վրա, որոնք ունի Մոսկվան, ԱՄՆ-ին դեռևս անհասանելի են: Իսկ թե որն է այդ հիմնական գործիքը, որի շնորհիվ Ռուսաստանը կարողանում է իր հեգեմոն դերը պահպանել Անդրկովկասում, ամենալավը գիտեն Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ հենց հայերի ու ադրբեջանցիների միջև առկա հակամարտությունն է հանդես գալիս նույն այն գործիքի դերում, որով Մոսկվան հաջողությամբ իր վերահսկողության տակ է պահում տարածաշրջանը:

Հարց է առաջանում՝ կոնկրետ ի՞նչ ենթատեքստ են պարունակում ամերիկացի վերլուծաբանի արտահայտած մտքերը, կամ ի՞նչ է ակնարկում նա, ըստ էության՝ արձագանքելով Վիգեն Սարգսյանի այցին՝ Մոսկվա: Ակնհայտ է մեկ բան. մի կողմից խոսելով ստատուս-քվոյի պահպանման անհնարինության, մյուս կողմից խաղաղության գործընթացը չբացառելով, ամերիկացին ստատուս-քվոյի գինն է սահմանում Հայաստանի և, ինչու ոչ, նաև Ռուսաստանի համար, քանի որ այս երկու երկրները միակն են, չհաշված, իհարկե, Իրանը, որոնք մեծապես շահագրգռված են խաղաղության գործընթացի շարունակականությամբ: ԱՄՆ-ում չեն կարող այլևս իրադարձություններին հետևել կողքից, ու այլևս Վաշինգտոնը չի պատրաստվում իր պասիվությամբ նպաստել Ռուսաստանի ատարածաշրջանային քաղաքականությանը. ԱՄՆ-ը ևս պետք է հանդես գա խաղաղության սեփական ծրագրով, իսկ կողմերն էլ հավասարապես պարտավոր են լինելու հաշվի նստել Վաշինգտոնի կարծիքի հետ: Հակառակ պարագայում՝ 2016-ի ապրիլին տեղի ունեցածը կարող է Միկի Մաուսի արկածները թվալ:

Իհարկե, Բլանկին չհավատալու հիմքեր մենք չունենք. միայն էրդողանական Թուրքիայի ակտիվությունը բավական է՝ համոզվելու ամերիկացիների վճռակամության մեջ, քանի որ հենց այս երկիրն է հանդես գալիս ԱՄՆ-ի համար կրակներից շագանակ հանողի դերում. բավական է՝ Վաշինգտոնն ակնարկի Անկարային, ու վերջինս պատրաստ է լինելու ոչ միայն թեժացնել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, այլև հսկայական սպառնալիքներ ստեղծել հենց Հայաստանի համար:

Իհարկե, դժվար թե ռուսական վերլուծական կենտրոններն անուշադրության մատնեն այս չափազանց խոսուն հարցազրույցը, որում ամերիկացի մասնագետն, ըստ էության, բաց տեքստով վերջնագիր է ներկայացնում Կրեմլին, սակայն մեզ համար մեծ հարցն այն է, թե ինչ հետևություններ կանեն ռուսաստանյան վերլուծական կենտրոններն այս ամենից: Չտեսնել այստեղ յուրատեսակ խայծ, ուղղակի անհնար է: Ի՞նչ են անում ամերիկացիները: Նրանք իրենց ակնարկներով փորձում են ստիպել Մոսկվային՝ անել քայլեր, որոնք ոչ մի կերպ չեն կարող բխել ՌԴ շահերից: Վաշինգտոնը հույս ունի, որ Ռուսաստանը, վախենալով արցախյան գործընթացի վրա կատարյալ վերահսկողությունը կորցնելուց, անձամբ հանդես կգա պատերազմ նախաձեռնողի դերում, ինչպես դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: Մոսկվայի տրամաբանությունը շատ պարզ է. թույլ չտալու համար օտարի ազդեցության հզորացում Անդրկովկասում, ստիպված՝ անձամբ հանդես գալ տարածաշրջանը շիկացնողի ու այն խաղաղեցնողի դերում: Փաստորեն՝ Ռուսաստանը պարբերաբար յուրատեսակ զոհ է դառնում ամերիկյան քաղաքականությանը: Քաղաքականություն, որը Վաշինգտոնն իրագործում է Թուրքիայի ձեռքերով: Իսկ այս ամենը մեկ բան պետք է հուշի Կրեմլին. Բաքուն երբեք չի լինելու Մոսկվայի ազդեցության գոտում: Դրա մասին կրեմլյան չինովնիկները կարող են մոռանալ ու վերջապես հասկանալ, որ հզոր Հայաստանն է միակ երաշխավորն՝ Անդրկովկասում ռուսական ազդեցության հարատևության:

Իհարկե, այժմ մի փոքր դժվար է ասել, թե կոնկրետ ինչ կորոշեն Կրեմլում, կամ՝ Մոսկվան խայծը կուլ կտա՞, թե՞ ոչ, ակնհայտ է, սակայն, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հեռանալ Անդրկովկասից կամ թուլացնել իր դիրքերն այստեղ. նա Հարավային Կովկասում իր բաժինն է ուզում, ինչը պետք է Մոսկվան հաշվի առնի մեկընդմիշտ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ