Տևական ժամանակ է ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է կեղծ տեղեկատվության և սադրանքների միջոցով ստեղծել նախապայմաններ՝ շփման գծում լայնամասշտաբ գործողությունների անցնելու համար, սակայն փետրվարյան ձախողումներից հետո ամեն կերպ խուսափում է բախումներից ու դրա հետևանքներից:

 

Վերջին օրերին ներքին լսարանի հուսախաբությունը կոտրելու, իր բանակում տիրող քաոսի ու ներքաղաքական հարցեր լուծելու համար Ալիևի կլանը անցել է ապատեղեկատվության մի շղթայի, որտեղ մի դեպքում Թարթառի շրջանում իր զինվորների փոխհրաձգության համար մեղադրում է հայկական կողմին, մյուս դեպքում՝ ներքին լսարանի պահանջները բավարարելու համար Հասանովի պարտված դիմակի փոխարեն ասպարեզ է նետում սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Գուլիևին, սակայն ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու և նախապատերազմական շահավետ պայմաններ ստեղծելու համար զոհասեղանին դրում է իր կլանի հանդեպ այլակարծիք ռազմական գործիչների ու քաղաքացիների, մեղադրելով նրանց Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, ռազմական գաղտնիքների փոխանցման և Բաքվում իբր կազմակերպվող ահաբեկչությունների շարքի մեջ:


Օրեր առաջ էլ Ադրբեջանի ԶԼՄ-ները զարմանահրաշ մի հաղորդագրություն են տարածել զինվորականների ու քաղաքացիական անձանց բացահայտված խմբի մասին, որն, իբր, համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ եւ լրտեսություն արել հօգուտ Հայաստանի: Դատելով քաղաքական գործընթացի փոխակերպման ֆոնին իրադարձությունների նման զարգացումից, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է ինչ-որ գործողության: Իրականում Ապրիլյան քառօրյա պատերազմը լրջագույն կերպով փոխեց իրավիճակը, ընդ որում՝ ոչ հօգուտ Բաքվի:

 

Ձախողելով խնդրի լուծման ռազմական տարբերակը, Բաքուն անցավ քաղաքական շանտաժի և ավանտյուրաների, որոնց արդյունքում Երեւանում փակվեց ԵԱՀԿ գրասենյակը, եւ այդպիսով՝ տարածաշրջանում ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունը շուտով մնալու է Ստեփանակերտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Դա այն է, ինչ անվանում են հակամարտության տրանսֆորմացիա, որպեսզի այն լուծում ստանա։ Այժմ գրասենյակը զրկվում է մի շարք առանցքային գործիքներից։ Այժմ ԵԱՀԿ ՄԽ-ը պարզապես չունի ոտքեր, ձեռքեր, այսինքն՝ չկան այն գործիքակազմերը, որոնք նրան կօգնեին հակամարտության լուծմանը աջակցելու հարցում։


Փոխվել է նաեւ ռազմական դասավորությունը. Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարարել է ղարաբաղյան սահմանին ամերիկյան գերժամանակակից համակարգերի տեղադրման մասին, եւ այս հայտարարությունը չի հերքվել: Այս ընթացքում Հայաստանում ակտիվորեն վերազինվում է առաջնագիծը , ինչը թույլ է տալիս նաև բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ առաջ քաշելով սեփական նախապայմանները: Ադրբեջանում կեղծիքը վաղուց է բարձրացված պետական քաղաքականության աստիճանի: Ակնհայտ է, որ երկու ճշմարտություն չի լինում. Ալիեւը կա՛մ խաբել է միջնորդներին՝ իր համաձայնությունը տալով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, կա՛մ խաբում է սեփական ժողովրդին՝ խեղաթյուրելով վիեննական եւ պետերբուրգյան պայմանավորվածությունների էությունը:


Ու պաշտոնական Բաքուն կշարունակի խաբել այնքան ժամանակ, քանի դեռ խիստ պատասխան չի ստանա միջազգային նույն այդ միջնորդներից, ովքեր պետք է կոշտ կերպով մատնացույց անեն Ադրբեջանին այն, որ վստահելի հարաբերութուններն ու, առավել եւս, կարգավորման գործընթացը կեղծիքի վրա կառուցելն անթույլատրելի է: Ալիեւների կլանը փորձում է ժամանակ ձգել եւ լրտեսների բացահայտումը, լայնածավալ զորավարժությունները, կեղծ դիվերսիաները՝ փորձ են՝ ցույց տալու, որ ողջ աշխարհն Ադրբեջանի դեմ է, սակայն կլանը դիմակայում է:

 

Այսպիսով, Ալիևի կլանը հանուն սեփական շահի ու քաղաքական այլակարծության զսպանակի, անցնում է ակտիվ սադրանքների մի վիճակի, երբ չի խնայում նույնիսկ սեփական քաղաքացիներին և ռազմական գործիչներին, իսկ այս պարագայում՝ առաջիկայում ականատես ենք լինելու ռազմական գործողություների և սադրանքների, որտեղ հայկական կողմի պատրաստվածության շնորհիվ Ադրբեջանը կորցնելու է ոչ միայն ապրիլին վերցրածը, այլ կորուստներով հետ է շպրտվելու:


Ստելլա Խաչատրյան