«Հայոց լեզուն թվերով կամ գրաբարը օրենք» տեսության հեղինակ, Հայկական տեխնոլոգիկան ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Պողոսյանը մշտապես զբաղվել է լեզվի ծագման ուսումնասիրությամբ և Աստվածաշնչի գիտական վերլուծությամբ:
Ակադեմիկոսի խոսքով՝ տեսությունը գիտական է և հիմնված է բնական գիտությունների վրա։ Այս հարցերի լուծումը նա տեսել է մարդ-երկիր-տիեզերք փոխադարձ կապի և փոխազդեցության մեջ, որը կոդավորված է լեզվի միջոցով։
Նրա պնդմամբ՝ այն գիտությունները, որոնք հիմնված չեն բնական գիտությունների վրա, ինչպես նաև մարդ-տիեզերք-երկիր միջավայրի հիմքում, ու այդ գիտությունների թեզերը եթե չեն հաստատվում մաթեմատիկական բանաձևմամբ, իրականում գիտություն չեն, և չեն էլ կարող լինել․ «Հայոց լեզուն առանձնացրել են որպես հնդեվրոպական ընտանիքի մի ճյուղ, սակայն պարզվում է՝ ծագումնաբանության և բոլոր լեզուների հիմքը հայոց գրաբարյան լեզուն ու այբուբենն է։ Դասական գրաբարում հնչյունը, տառը և թիվը միասնական են, և այդ համակարգն ունի բացարձակ մաթեմատիկական կառուցվածք։ Տեսությամբ առաջին անգամ տրոհել եմ հնդեվրոպական բոլոր լեզուների՝ առաջին հերթին՝ հայկական արմատները, այնուհետև անցել եմ մյուս փոխառյալ արմատներին: Տրոհել եմ առանձին հնչյունների, և գնացել եմ այդ բառարմատը կազմող յուրաքանչյուր հնչյունի ձայնային, պատկերային ու քանակական ճանաչողության»։
Պողոսյանն իր տեսությունը ներկայացրել է մի քանի աշխատություններում, որոնցից մեկն էլ «Լեզվի ծագումը և Աստվածաշունչը» ուսումնասիրությունն է, որտեղ անդրադառնալով 2 առեղծվածային հիմնահարցերի՝ լեզվի ծագմանն ու Աստվածաշնչի գիտական վերծանմանը, հեղինակը դրանց լուծումը տալիս է մարդ-մարդ, մարդ-բնություն փոխադարձ կապի ու փոխազդեցության մեջ և այդ ամենը նա հիմնավորում է բնական գիտություններով և մաթեմատիկական օրինաչափություններով: Իսկ որպես իր տեսության ապացույց՝ կարող են լինել աշխատություններում բերված օրինակները:
Գիտնականներից ոմանք նրա կատարած աշխատանքը համարել են հետաքրքիր, անգամ՝ առաջարկել դասավանդել ուսումնական հաստատություններում, իսկ ոմանք էլ Պողոսյանի տեսությունը համարել են անհասկանալի։
Արմատական բառը նա տրոհել է և տվել դրա ստուգաբանությունը: Սակայն դրա համար լեզվաբան ակադեմիկոս Ջահուկյանն ասել է՝ արմատները մի քանդիր, իսկ Աղայանը տեսությունը կարդալուց հետո ասել է՝ «գիտության շերտեր են ստեղծված, մի քանդիր»:
Հրաչիկ Պողոսյանին բարկացնում է այն, որ որոշ հետազոտողներ իր տեսությունը վերցնում են, օգտագործում և չեն նշում իր անունը՝ խախտելով հեղինակային իրավունքի մասին օրենքը:
Ակադեմիկոսի խնդրանքն է՝ թույլ տալ դասավանդել և կադրեր պատրաստել, իր տեսությունը ներկայացնել սերունդներին։ «2000 թ.-ից Արցախում դասավանդվում է առարկան, բայց անջատել են լեզուն և աստվածաբանությունը, վերջինս թողնելով հոգևորականներին։ Մինչև հայերիս մոտ լեզուն և աստվածաբանությունը չմիանան, մեր պետականությունը չի կայանա և աշխարհը մեր ետևից չի գա»,- խոսքը եզրափակեց Հրաչիկ Պողոսյանը։
Սոնա Հարությունյան