«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ԱԺ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մի շարք ուշագրավ դիտարկումներ է արել՝ կապված ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքների և ՀՀԿ հետ կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ:

Ռուստամյանը վստահություն է հայտնել, որ Դաշնակցությունը երբեք այդ 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր չի ունեցել։ Մյուս կողմից՝ վերջին ընտրություններում Հայ Հեղափոխական Դաշնակցության գրանցած արդյունքները վկայում են՝ արգելապատնեշ հաղթահարելու խնդրի առջև այս ուժը չի բախվել, քանի որ ակնհայտ է Դաշնակցության խորհրդարանում հայտնվելու քաղաքական նպատակահարմարությունը՝ քաղաքական դաշտի այլ խաղացողների համար: 2009-ին, Երեւանի ավագանու ընտրություններում՝ ՀՅԴ-ն նվազագույն 6 տոկոս շեմը չկարողացավ հաղթահարել: 2008-ին, նախագահական ընտրություններում՝ Երեւանում Վահան Հովհաննիսյանի օգտին գրանցված քվեների թիվը կազմել էր 38 հազար 370: Եթե այս քվեների 70 տոկոսն էլ ՀՅԴ-ն 2009-ին ստանար, ապա Երեւանի ավագանու կազմում կունենար խմբակցություն: Սակայն փաստն այն է, որ այդ ընտրություններում շուրջ 400 հազար քվեարկության մասնակցության պայմաններում Դաշնակցությունը չէր կարողացել անհրաժեշտ 24 հազար քվեն ստանալ: ՀՅԴ-ի քվեները կազմել էին ընդամենը 18 հազար 94: Այս ցուցանիշը նույնիսկ ՕԵԿ-ի քվեների թվից էլ փոքր էր: Իսկ վերջին անգամ ՀՅԴ-ն մասնակցել է 2013 թվականի մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին: Այս ընտրություններում Դաշնակցությունը, կարելի է ասել՝ կատարյալ ձախողվեց՝ ստանալով 15 997 քվե, անհրաժեշտ նվազագույն 6 տոկոսի փոխարեն՝ 3,8 տոկոս: ՀՅԴ-ն չէր կարող չգիտակցել, թե 2017 թվականին իրեն ինչ ծանր փորձություն է սպասվում: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ իշխանություններին սատարելուց հետո ՀՅԴ-ն 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ չէր կարող հույսեր փայփայել, հետևաբար, հասկանալի է՝ ինչու այժմ ՀՅԴ ներկայացուցիչը թեկուզ վերապահումներով, բայց գոհունակություն է հայտնում ընտությունների արդյունքների վերաբերյալ:

Խոսելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Դաշնակցության նախարարների մասին, Արմեն Ռուստամյանը նշել է. «Թող մյուս նախարարներն էլ այնքան խիզախություն ունենային, որ առաջադրվեին-տեսնեին ժողովուրդն իրենց մասին ինչեր է մտածում»: Դաշնակցությունից բացի՝ մյուս նախարարները ներկայացնում են ՀՀԿ-ն, բայց այստեղ ամեն ինչ միատարր չէ: Առավել ևս, որ ՀՀԿ-ից որոշ նախարարներ, այդուհանդերձ, առաջադրված էին, իսկ որոշները՝ ոչ: Այս տեսանկյունից՝ դժվար է ասել, թե ում էր հատկապես թիրախավորել Ռուստամյանն իր հայտարարության մեջ: Արմեն Ռուստամյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի հենց Կարեն Կարապետյանի թիմին: Ընդ որում, Ռուստամյանը խոսում է նաև ՀՀԿ սրտից: Նա, փաստորեն, ակնարկում է Կարեն Կարապետյանի թիմի ցածր վարկանիշի մասին: Մի բան, որ շատ կուզեր ասել ՀՀԿ-ն, իսկ ավելի կոնկրետ՝ թերևս այդ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, բայց ասել չի կարող՝ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի անձնական ներդրումը ընտրություններում ՀՀԿ հաղթանակի մեջ:

Ռուստամյանի ներկայացրած քաղաքական ուժը պատրաստվում է նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ: Նա հաստատեց, որ բանակցում են ՀՀԿ հետ կոալիցիոն համաձայնագրի շուրջ և մոտ ժամանակներս ականատես կլինենք վերոնշյալ փաստաթղթի ստորագրմանը: Իրականում, Ռուստամյանը չի կարող չգիտակցել, որ ՀՅԴ-ն իսկապես քաղաքական միավոր է՝ անկախ այդ միավորի վարքագծի շուրջ գնահատականներից և գաղափարախոսության հանդեպ համակրանքից: ՀՅԴ-ն քաղաքական միավոր է, որտեղ չկա միանձնյա կառավարում: Այլ հարց է ՀՀԿ-ն, որտեղ իրականում Սերժ Սարգսյանն է և վերջ, մյուսների համար խնդիրն ընդամենը անձնական ֆինանսատնտեսական շահերն ու անվտանգությունն են: Այդ համատեքստում՝ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ բանակցում են ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Բանակցում են ՀՅԴ-ն ու Սերժ Սարգսյանը:

Եթե Սերժ Սարգսյանը կոալիցիա էր կազմել ՀՅԴ հետ, ապա Կարեն Կարապետյանն, իր՝ վարչապետ նշանակվելուց ի վեր՝ ՀՅԴ նախարարների հետ բավական թափանցիկ դիմակայության մեջ էր և առիթը բաց չէր թողնում նրանց դիտողություն անելու համար: ՀՅԴ-ը բանակցում է Սերժ Սարգսյանի հետ, ՀՀԿ-ն իրականում ընդամենն այդ բանակցության առարկան է, քանի որ ՀՅԴ-ը Սերժ Սարգսյանի կոալիցիոն գործընկերն է՝ ընդդեմ ՀՀԿ-ի, որտեղ Սերժ Սարգսյանը, նաև ՀՅԴ-ի օգնությամբ, փորձելու է լուծել իր իշխանության հարցը: ՀՅԴ-ի հետ կոալիցիայով՝ Սարգսյանը մի վարչապետի հարց արդեն լուծել է՝ հասնելով նրա հեռացմանը ոչ միայն պաշտոնից, այլ նույնիսկ ՀՀԿ-ից: Արմեն Ռուստամյանը չի կարող նաև չգիտակցել, որ ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու՝ Սերժ Սարգսյանի միակ նպատակն այնպիսի իրավիճակ ապահովելն է, որ իր հետագա իշխանավարությունը հնարավորինս զերծ լինի ներքին մարտահրավերներից:

Ստելլա Խաչատրյան