«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և նրա վարորդ 33-ամյա Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված սպանության փորձը նախապես մանրակրկիտ ծրագրավորված է եղել:
Այդ մասին է փաստում այն հանգամանքը, որ դեպքից դեռևս օրեր առաջ Նորաշենի գյուղապետին հետևել են հանցագործությունը կատարած անձինք, իսկ այդ օրը ծրագրավորվածի համաձայն՝ գործի անցել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձն ատրճանակից կրակոցներ է արձակել «ВАЗ 2107» մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Արձակված կրակոցների հետևանքով 3 հրազենային վնասվածք է ստացել ավտոմեքենայի վարորդ Կարեն Ղազարյանը, վերջինս դեպքից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը վնասվածքներ չի ստացել:
Հայտնել էինք նաև, որ գյուղապետի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել «Լադա Պրիորա» մակնիշի ատոմեքենայից, ընդ որում՝ այս ավտոմեքենայի համարանիշներն արտասահմանյան են եղել՝ ռուսական:
«Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ արտասահմանյան պետհամարանիշները կեղծ են եղել, ասել է թե դա ևս հանցագործության ծրագրավորված դրվագներից մեկն է:
Դեպքի վայր գնալով ավտոմեքենան ևս նախապատրաստել են և հայկական պետհամարանիշները փոխարինել են արտասահմանյան պետհամարանիշներով:
Ի դեպ մեզ հայտնի է դարձել, որ ավտոմեքենան պատկանել է հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Գալստյանին: