Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Ավստրիայի հանրային ռադիոյի՝ օրերս Երեւան այցելած թղթակցին: Հարցազրույցում Կարապետյանն արտահայտում է մի շարք հետաքրքրաշարժ մտքեր եւ մոտեցումներ:

Առանցքային ուշադրությունը, սակայն, կենտրոնացած է 2018թ.-ի խնդրի վրա, որովհետեւ, եթե այդ խնդրում չկա հստակություն, Կարապետյանն ընկալվում է իրեւ ժամանակավոր ֆիգուր, որի մտքերն ու մոտեցումները հանրության համար դառնում են այլեւս անկարեւոր, կամ քիչ վստահելի եւ համոզիչ: Թղթակցի շատ հստակ հարցին՝ պատրա՞ստ է Կարապետյանը 2018-ից հետո էլ մնալ վարչապետ եւ դառնալ պետության ղեկավար, վարչապետը տալիս է ոչ պակաս հստակ պատասխան՝ այո: Միևնույն ժամանակ՝ իսկ արդյո՞ք նա դա ցանկանում է հարցին, Կարապետյանը որոշեց պատասխանել իր իսկ խոսքերով՝ իրատեսորեն: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանն իրականում ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը նաև 2018-ից հետո, սակայն չունի հնարավորություն կամ սահմանափակված է այդ հնարավորության մեջ, հետևաբար, իրատեսորեն է փորձում գնահատել իր շանսերն այս գործընթացում: Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, և այդ իմաստով նրա հավակնությունը, հետևաբար՝ նաև Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունն այլևս նորություն չէ:

Նախօրեին Հաղթանակի զբոսայգում պատասխանելով լրագրողների հարցին, թե տեսնու՞մ է Սերժ Սարգսյանի կողմից քայլեր՝ վարչապետ դառնալու ուղղությամբ, Կարապետյանը պատասխանել էր՝ ոչ: Մյուս կողմից՝ առնվազն տարօրինակ կհնչեր այլ պատասխանը: Բայց նույնքան տարօրինակ կլինի, եթե Կարապետյանն իրականում չտեսնի այդ քայլերը կամ չի տեսնում: Միեւնույն ժամանակ, նա գուցե նկատի ունի, որ տեսնում է ոչ թե Սարգսյանի վարչապետ դառնալու քայլ, այլ պարզապես Կարապետյանի փոխարեն Սարգսյանի համար առավել նախընտրելի թեկնածուին վարչապետ նշանակելու քայլ:

Գուցե սկզբունքորեն տարբերությունը մեծ չէ, բայց՝ կա: Հարցազրույցում արված որոշ շեշտադրումներ լույս են սփռում ընթացող ներքաղաքական պայքարի առանձնահատկությունների վրա: Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է Իսրայելի օրինակի մատնանշումը՝ պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանի զարգացման հեռանկարի վերաբերյալ համատեքստում: Կարեն Կարապետյանը բերում է Իսրայելի օրինակն ու զուգահեռներ անցկացնում, որ Իսրայելն էլ ուներ ծանր պայմաններում զարգացման խնդիր և լուծեց այն: Ուշագրավն այստեղ այն փաստն է, որ Իսրայելի մոդելի հիմքում բոլորին քաջ հայտնի «Ազգ-բանակ» հայեցակարգն է, որը մեր երկրում, ինչպես գիտենք, բնավ Կարեն Կարապետյանի նոու-հաուն չի եղել, այլ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: «Ազգ-բանակ» հայեցակարգը նաև գործող նախագահի աջակցությանն արժանացած նախագիծ է, ինչը ենթադրում է, որ այն դառնալու է Սերժ Սարգսյանի ծրագրային հենարանը՝ 2018-ին ընդառաջ: Եվ նույնիսկ էական չէ՝ իր, թե ուրիշ վարչապետի համար: Բոլոր դեպքերում՝ «Ազգ-բանակ» հայեցակարգը քաղաքական տեսանկյունից հարված է Կարեն Կարապետյանի տնտեսական ծրագրին, որի հիմքում ներդրումներ բերել էր, և որը, կարծես թե՝ տապալվեց:

Այս պարագայում՝ Կարապետյանը չի կարող չգիտակցել, որ իրեն զրկել են 2018-ից հետո իշխանությունը ստանձնելու թեկուզ չնչին հնարավորությունից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությունը, ԱԺ նախագահությունը, ինչպես նաև կառավարությանն առընթեր մարմինները Կարեն Կարապետյանի քաղաքական վերահսկողության տակ ընկնելու հեռանկարից հնարավորինս ապահովագրված լինեն: Այդ նպատակով՝ արդեն իսկ կոալիցիոն հուշագիր է կազմվում ՀՅԴ հետ, ինչին Կարապետյանն ընդդիմացավ, սակայն չկարողացավ կանխել: Այժմ նրան մնում է պայքարը շարունակել այլ վեկտորով: Չունենալով այլ ելք՝ վարչապետը միացավ Ազգ-բանակ հայեցակարգին:

Չի կարող «Ազգ-բանակ»-ում «չլինել» վարչապետը, հատկապես, երբ գործ ունենք արդեն գրեթե իրականություն դարձած խորհրդարանական կառավարման հետ, որտեղ վարչապետն առաջին դեմքն Է: Ըստ երեւույթին, նա ընտրում է ոչ թե Վիգեն Սարգսյանի «պլատֆորմին» մրցակից «պլատֆորմ» ձեւավորելու, այլ «պլատֆորմին» միանալու եւ գուցե այն վերցնելու տարբերակը: Միեւնույն ժամանակ, «Ազգ-բանակ» հայեցակարգը հատկապես Ապրիլյան պատերազմից հետո իր՝ առնվազն ընդհանուր ձեւակերպմամբ՝ այնպիսի պլատֆորմ է, որ դժվար է դրան ռացիոնալ հակադրվելը. հնարավոր է ընդամենը քննարկել առարկայական բաղադրիչներն ու կոնկրետ բովանդակությունը: Կարապետյանը գիտակցում է, որ հայեցակարգն իրոք ուժեղ է և գործող նախագահն այն խաղարկելու է 2018 թվականին: Հետևաբար, իր հարցազրույցում շեշտադրելով Իսրայելի օրինակը, վարչապետը հստակ ներքաղաքական մեսիջ է հղում, որ հակադրելու է Սերժ Սարգսյան-Վիգեն Սարգսյան դուետին՝ իրենց իսկ զենքը: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը, չհանդիսանալով այս հայեցակարգի ճարտարապետը, շատ արագ կարող է հայտնվել լուսանցքում և լավագույն դեպքում խաղալ երկրորդ պլանի դեր, ինչը նրան, իհարկե, ձեռնտու չէ, հետևաբար, Կարապետյանի համար անչափ կարևոր է առաջ քաշել նաև իր հայեցակարգը, որը հակադրության մեջ չմտնելով «Ազգ-բանակ»-ի հետ, միևնույն ժամանակ վարչապետի համար հանրային լայն ընկալում կապահովի:

Ստելլա Խաչատրյան