Մինչև ուսումնական տարվա ավարտը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը խորհրդակցություն է անցկացրել դպրոցների տնօրենների հետ՝ նպատակը դպրոցներում առկա թերությունների վերացումն ու ավարտական վերջին դաս և վերջին զանգ միջոցառումների պատշաճ կազմակերպումն էր: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից, մարզպետն ու մարզի կրթության վարչության պետը դպրոցների տնօրեններին խիստ հանձնարարել են զերծ մնալ դրամահավաքից և ճոխ խնջույքներից: Պատասխանատուները հույս են հայտնել, որ տնօրենները հրահանգը կընդունեն ի գիտություն և մարզից թեժ գծին դրամահավաքների կամ նմանատիպ այլ երևույթների վերաբերյալ զանգեր չեն արձանագրվի: Տնօրենները տեղեկացվել են նաև դպրոցական քննությունների անցկացման կարգի, օրերի մասին, կարևորվել է միջոցառումների անցկացման ժամանակ դպրոցականներին խնդիրներից զերծ պահելու հանգամանքը:
Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Անուշ Մնացականյանը, ով, դիմելով տնօրեններին, հորդորել է լինել ավելի ուշադիր սննդի անվտանգության հարցում և կասկածելու դեպքում կապ հաստատել հիշյալ կառույցի ներկայացուցիչների հետ: Շիրակի մարզպետն անդրադարձել է մարզի դպրոցների ու նախակրթարանների սննդի անվտանգության խնդիրներին, հատկապես ժամկետանց սնունդ դպրոցներ ու նախակրթարաններ ներմուծելու բացառմանը: Հովսեփ Սիմոնյանը սննդի անվտանգության ծառայության ներկայացուցիչներին հորդորել է պարզաբանել հատկապես նոր պահանջները, որոնք ներկայացվում են մսամթերք օգտագործող հաստատություններին, խոսքը սպանդանոցների ծառայութ յունից օգտվելուն էր առնչվում: