Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԵԼՔ դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե ՀՀԿ-ի նախընտրական շտաբներում ընտրակաշառք են բաժանում: Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ ՀՀԿ կենտրոնական շտաբն արդեն հայտարարություն է տարածել, որում մանրամասն անդրադարձել է այ դ հարցին:
«Մեր կենտրոնական շտաբն այդ հարցին անդրադարձել է: Վերցրեք մեր հայտարարությունը և կարդացեք: Այնտեղ մանրամասն անդրադարձել ենք բոլոր նման հայտարարություններին»,- ասաց Մարգարյանը:
Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԿԸՀ-ն առաջիկա ժամերին քննարկելու է ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու ԵԼՔ դաշինքի դիմումը' Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ դա ԿԸՀ-ի լիազորությունն է, որը քննարկելու է դիմումը և որոշում է կայացնելու: «Այդ նիստին ներկա կլինի նաև մեր լիազոր ներկայացուցիչը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաև միջադեպին, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցը խոչընդոտել էր ԵԼՔ դաշինքի քարոզարշավը: Նա ընդգծեց, որ դատապարտում է քարոզարշավը խոչընդոտելու ցանկացած դեպք:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիման վրա կարող է քրեական գործ հարուցվել, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Իրավապահները թող քննեն, եթե դրանից հետո հարցեր կառաջանան, ես պատրաստ եմ պատասխանել»: