ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 06/01 ընտրատեղամասում քվեարկեց հանուն մայրաքաղաքի:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա շատ բարձր գնահատեց Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը:
«Ես կարծում եմ, որ վերջին տարիներին Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, և Երևան քաղաքը նույնիսկ կոմունիստների ժամանակ այս տեսքը չի ունեցել: Ես էլ այսօր քվեարկեցի հանուն մեր մայրաքաղաքի»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը կարծում է, որ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլև այն քաղաքական թիմը, որը նա է ներկայացնում, շատ մեծ աշխատանք է իրականացրել մայրաքաղաքի կյանքի բարելավման ուղղությամբ:
«Երբեմն նայում են և ինչ-որ մի տեղ «զիբիլ» են ման գալիս, ցույց են տալիս ու ասում, որ քաղաքը կեղտոտ է: Բայց պետք է նայել, թե քանի կիլոմետր է ձգվում քաղաքը և ինչպիսի ազգաբնակչություն ունի»,- ասաց Սահակյանը: