Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը գտնում է, որ Երևանի ավագանու ընտրությունները գրանցված միջադեպերի քանակով, սրությամբ և այլն, լավ իմաստով զիջում էին նախորդ ընտրություններին:

Լրագրողի հարցին, թե ըստ ՀՀԿ-ի՝ ընտրությունները կատարյա՞լ էին, Աշոտյանն ասաց, որ դեռ գնահատականների մասին խոսելը վաղ է:

«Մենք չենք հավակնել կատարյալ ընտրությունների բանաձևին: Այդպիսի ընտրություններ չեն եղել և ոչ մի ինձ հայտնի եվրոպական երկրում: Նույն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում խնդիրներ եղել են կապված ներգաղթյալների քվեարկության հետ: Ընտրությունների գնահատականները կտան դիտորդները, սակայն կային նաև հակահանրապետական հայացքներով դիտորդներ»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով, այնուհանդերձ իրենք չեն կարծում, որ այս ընտրություններն իրենց բովանդակությամբ, որակով ու ընթացքով կարող են զիջել քաղաքական այլ ընտրություններին:

«Եթե չորս տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ այն ժամանակ լրատվական աղմուկն ավելի մեծ ու ավելի շատ էր»,- նկատեց նա: