ԿԸՀ-ում' ժամը 22:00-ի դրությամբ որևէ դիմում կամ բողոք չի ստացվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: Նրա խոսքով' ժամը 20:00-ից սկսած աշխատում է իրավիճակների վերլուծության կենտրոնը, որի հեռախոսահամարները զետեղված են ԿԸՀ-ի կայքում:

«Այս ընթացքում ստացվել են 5 տասնյակ հեռախոսազանգ, ուսումնասիրվել են բազմաթիվ լրատվական կայքեր: Հանձնաժողովը փորձել է ձեռնարկել օպերատիվ միջոցներ միջամտելու, շտկելու այն իրավիճակները, որոնք ներկայացված են եղել: Ստացված տեղեկատվության մի մասն ամբողջությամբ հերքվել է: Նշեմ նաև, որ տեղեկատվության է ստացվել, որը հերքվել է մասամբ»,- ասաց նա:

Հակոբյանը նաև նշեց, որ ի տարբերություն ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների, այս անգամ ավելի քիչ են եղել այն զանգերը, որոնց շրջանակներում զանգահարողները պահանջում էին տրամադրել պարզաբանումներ և տեղեկատվություն նոր քվեակարգի հետ կապված:

ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետը ներկայացրեց մեկ օրինակ, ըստ որի, 8/53 տեղամասից ժամը 10:53-ի դրությամբ ահազանգ է եղել, որ ՀՀԿ ավագանու թեկնածուն նստած է հանձնաժողովի անդամների մոտ և ուղղորդում է ընտրողներին: Նրա խոսքով' ուսումնասիրության արդյունքում այն ամբողջությամբ հերքվեց: Կապ հաստատվեց հանձնաժողովի նախագահի հետ, ով նշեց, որ ներկայացել է ոչ թե թեկնածուն, այլ ՀՀԿ-ի վստահված անձը, վերջինս օրենքով սահմանված կարգով գրանցվել է և իրականացնում է իր լիազորությունները: Այդ մասին հաստատել է նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձը:

«Մեկ օրինակ ևս: Թիվ 9/13 ընտրատեղամասում նշված է, որ քվեախցիկի հետևում դրված ապակիների միջից հնարավոր է հետևել քվեարկության արդյունքը: Կապ է հաստատվել հանձնաժողովի նախագահի հետ և տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն անձամբ այցելել է և ստուգել արդյունքները: Տեղեկատվություն ամբողջությամբ հերքվել է»,- ասաց Լիլիա Հակոբյանը: