Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:

 

Չինարի համայնքի ղեկավարը, ներկայացնելով ծրագրերը, նշել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով նախատեսվում է համայնքում նոսրացված այգիների վերականգնում, նոր այգիների հիմնում, որը բնակիչներին կապահովի անհրաժեշտ եկամտով:

 

Բացի այդ, ըստ համայնքապետի, հստակ աշխատանքներ են տարվում խաղողագործության, ծխախոտի արտադրության զարգացման ուղղությամբ:

 

Նախատեսվում է առաջիկայում Չինարիում հիմնել նաև 500 քմ սածիլային տնտեսություն, իրականացնել բազմաբերք ելակի արտադրություն, հիմնել գինեգործության երկու արտադրամաս:

 

Համայնքապետն ասել է, որ առկա է գյուղտեխնիկայի խնդիր և ավելացրել, որ դրա լուծմամբ հնարավոր կլինի մշակվող գյուղատնտեսական տարածքներն ավելացնել 100 հեկտարով:

 

«Նստում եք-խոսում եք, լիզինգի ստարտային 20 տոկոս վճարը կառավարությունը կտրամադրի, դե ամեն ինչով «պադերժկա» արեք, իրականում մարդը կոնկրետ հասկանում ա՝ ինչ ա պետք անել»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է միջազգային ծրագրերը հնարավորինս ընդգրկել համայնքների զարգացմանը միտված նախագծերում: