«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդևան Գրիգորյանը նշում է, որ Իշխան Զաքարյանը մեկ անգամ արդեն եղել է Ազգային ժողովի փոխնախագահ, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ այդ կառույցում աշխատանքի երկար տարիների փորձ ունի, այնպես որ՝ պետք է սպասել և տեսնել՝ ինչ կորոշվի այսօր Դաշինքի նիստի ընթացքում. «Այդ թեկնածուները փորձ ունեն, դեռ ոչ մի բան չգիտեմ, եկեք սպասենք մինչև նիստի ավարտը, երբ հարցերը կստանան պատասխաններ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Վարդևան Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյո՞ք այսօրվա նիստի ընթացքում Դաշինքից ընտրված պատգամավորների մի մասին կպարտադրեն չվերցնել պատգամավորական մանդատները. «Անձնավորված որևէ բան չկա, ամեն ինչ պարզ կդառնա այսօրվա նիստից հետո»:
Վերջինս վստահեցրեց, որ անկախ նրանից՝ ով կլինի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, միևնույնն է, իրենք ընդդիմադիր կեցվածքով շարունակելու են իրենց գործունեությունը ծավալել. ««Ծառուկյան» դաշինքը շարունակելու է որպես ընդդիմադիր ուժ գործել Ազգային ժողովում և չեմ կարծում, որ կլինեն հարցեր, որոնք մենք չենք կարողանա բարձրացնել Ազգային ժողովում»: