Քրդական համայնքը դեմ է գյուղերում օպտիմալացման ծրագրին։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովում քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը:

 

Հասանովի խոսքով՝  քրդական գյուղերի խոշորացման արդյունքում թե հայկական և թե քրդական գյուղերի հետ միավորվելու դեպքում միևնույն է խնդիրներ կառաջանան: «Մեր գյուղերը ծովի մակերևույթից 2000 մետր բարձր են, փոքր գյուղեր են, եթե այս գյուղերը միանան, մի գյուղից մյուսը, մանավանդ, ձմռան ընթացքում չենք կարողանա գնալ-գալ: Գյուղերը ամիսներ շարունակ ձյան տակ են մնում: Ճանապարհները օրերով փակ են լինում: Շատ հարցեր են առաջանում.  եթե տվյալ գյուղապետը գյուղում էր և լուծում էր այդ հարցերը, այս դեպքում խնդիրները չեն լուծվի ժամանակին»:

 

Նա անդրադառնալով դպրոցների օպտիմալացմանը՝ նշեց. «Այս ծրագիրը լավ չի անդրադառնա մեր դպրոցների վրա: Առանց այդ էլ մեր ազգի ծնողները, երբ երեխաները մեծանում են, դպրոց էլ չեն ուղարկում, ուր մնաց թե 3-5 կմ կողքի գյուղեր գնան սովորելու: Ուրեմն պետք  է մնա անգրագետ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաշվի առնելով այս հանգամանքները՝ իրենք գտնում են, որ պետք է այս երևույթները հետաձգել:

 

Նշենք՝ թեև վարչապետն ասում է՝ «միավորվենք, փողի տնտեսում անենք», սակայն Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը նկատում է, որ գյուղերի միանալու դեպքում, խնդիրներն ավելի են բարդանալու. «Եթե գյուղերը չօպտիմալացվեն,  աշխատանքները լավ կկազմակերպվեն և շատ չնչին գումարներ կգնա բյուջեից»,- ասաց նա՝ հավելելով, որ գյուղապետի կամ հաշվապահի չնչին աշխատավարձը չի ազդի բյուջեի վրա:

 

Հասանովը նշեց՝ կան հանձնաժողովներ և որպես պատգամավոր ինքը կդիմի և բարձրացնի քրդական հայանքնի հարցերը, և հատկապես այս հարցերին:

 

Սոնա Հարությունյան