ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն այն կարծիքին է, որ ԱԺ-ում գտնվող բոլոր պատգամավորներն այս կառույցում հայտնվել են ժողովրդի բացարձակ վստահության արդյունքում և հավատարիմ մնալով դրան, իրենց ձայն տված քաղաքացիների խնդիրների ուղղությամբ լուրջ աշխատանք են տանելու. «Ինձ ձայն է տվել հասարակության մի զգալի հատված և ես եկել եմ այստեղ՝ նրանց հույսերն իրականանցնելու և խնդիրները լուծելու համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Վերջինս խոսելով ՀՀԿ-ական կուսակցության՝ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի մասին, շեշտեց, որ օրենսդիր մարմնում անելու է ամեն ինչ՝ այդ կարգախոսն իրականություն դարձնելու համար: 

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ եթե Հայաստանը դառնա օրենքի երկիր, չկա՞ մտավախություն, որ ԱԺ-ում հայտնված շատ պատգամավորներ կարող են հայտնվել բոլորովին այլ վայրում, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Բավական է ինտրիգներ փնտրեք, թողե՛ք ինտրիգները, մենք եկել ենք այստեղ գործ անելու համար: Ձեզ հորդորում եմ՝ մի՛ շարունակեք պրովոկացիա անել, դա շատ վատ բանի կբերի, հերի՛ք է»,-լրագրողներին սկսեց դասեր տալ նորընտիր պատգամավորը: 

 

Ճշտող հարցին՝ այդ ժողովրդի խնդիրները լուծելու շնորհի՞վ է ինքն այդքան կարողություն կուտակել, Միհրան Պողոսյանը պարզապես չպատասխանեց. շնորհակալություն հայտնեց և շտապեց նիստերի դահլիճ: