Այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանում մշտական հանձնաժողովների ձևավորման քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի և ԵԼՔ-ի առաջարկություններին: Նա հետաքրքրվեց, թե ինչու չեն համաձայնում Մարդու իրավունքների հանձնաժողովն ԱԺ-ում տալ ԵԼՔ-ին։
«Ընդհանուր առմամբ, ես իշխանությունների տեսակետը ներկայացնող զեկուցողի հետ համաձայն եմ միայն մեկ հարցում, որ անկախ նրանից՝ այդ հանձնաժողովը կլինի, թե չէ, անկախ նրանից՝ մենք ԱԺ-ում կլինենք, թե չէ, պատգամավոր կլինենք, թե չէ, մարդու իրավունքների համար պայքարելու ենք»,- ասաց Արամ Սարգսյանը:
ԱԺ-ի իր ելույթում Սարգսյանը հայտարարեց. «Լավ, նախագահը ձերն է, Ազգային ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու ԵԼՔ դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի, էդ ի՞նչ խնդիր է, ի՞նչ պրոբլեմ կա սրանում»։
Նա նշեց, որ այս հարցը պետք չէ թողնել վեց ամիս հետ. «Հետո ասելու եք՝ հիմա արդեն որոշել ենք, ա՛յ, վեց ամիս հետո՝ կնայենք, տղե՛րք, ձեզ լավ պահեք, վեց ամիս հետո կտանք: Խնդիրը մեզ տալը չի, խնդիրը մերը լինելը չի, բայց չէ՞ որ ասում ենք՝ սա նոր խորհրդարան է, որ այս խորհրդարանում նոր հիմքեր, նոր տրադիցիաներ պիտի դրվեն, որ ախպոր պես պիտի աշխատեք, այ Հանրապետական ախպերներ ջան, ձեր նախագահն էր ասում՝ միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքը լսել է պետք»։
ՀՀԿ-ի մեծամասնության առկայությունը լուրջ խնդիր համարելով, Արամ Սարգսյանը նշեց, որ ստացվում է այնպես, որ ՀՀԿ-ն է որոշողը, իսկ մյուսները կարող են ընդամենը ելույթներ ունենալ, կարծիքներ հայտնել:
«Եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս, որ այդ հիմքը լավ չի լցրած, 10 հազար դրամով է լցրած, անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում՝ խնդիրները շատ են լինելու: Ես կոչ եմ անում՝ նայեք, որ իսկապես Մարդու իրավունքների հանձնաժողովը ԵԼՔ դաշինքին տալով՝ այնտեղ ներկայացված իրավաբան մասնագետներին՝ թե´ Արտակ Զեյնալյանին, թե´ Էդմոն Մարուքյանին, թե´ Նիկոլ Փաշինյանին, որն անընդհատ բանտերով պտտվել է, ՀՀ-ն այդ ոլորտում կունենա առաջընթաց»,- ասաց Արամ Սարգսյանը:
«Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի խոսքով ասեմ, դոմփելով գնում եք, է՝ հետո՞, ո՞ւր եք հասնելու էդ դոմփելով», - նշեց նա։