6-րդ գումարման ԱԺ-ում այսօր շարունակվում էր մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված թեկնածուների ելույթներն ու հարցուպատասխանը: Ծրագրային ելույթից հետո Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:
ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարցը պաշտպանության ոլորտին վերաբերող մամուլի հրապարակումների մասին էր. «Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ մամուլի որոշ հրապարակումներ, որոնք երբեմն առնչվում են անվտանգության այն խնդիրներին, որոնք չպետք է բարձրաձայնվեն, պետք է սահմանափակել»:
Կորյուն Նահապետյանը նշեց, որ վերջին տարիներին ուրախությամբ պետք է արձանագրենք, որ լուսաբանման թափանցիկությունն ավելացել է. «ՊՆ-ն շատ ավելի տեղեկություններ է հրապարակում հասարակությանը, քան նախկինում եղել է: Իհարկե, ԶԼՄ-ների հետ որոշակի աշխատանքներ տարվում են ՊՆ կողմից, եւ վերջին երկու տարում նշանակալի հաջողություններ կան: Սակայն քիչ չեն հրապարակումները, որոնք ծառայողական գաղտնիք են հրապարակում, իսկ մյուս դեպքում՝ վնաս են հասցնում սահմանին կանգնած զինվորին: Այս խնդիրն ունենք ոչ միայն ԶԼՄ-ների դեպքում, այլ ԱԺ-ում: Հիշեցնեմ, որ ԱԺ-ում ՊՆ հետ փակ քննարկումից հետո ամբողջ քննարկումները հրապարակվել էր ԶԼՄ-երով: Սա մտահոգիչ փաստ է: Որեւէ կերպ չսահմանափակելով մամուլի ազատությունը՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի խնդիր ունենք, ուղղորդենք նրան, որ մեզ սպառնալիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակվեն»: