Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն ընտրել էին ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներին:

Ճիշտ է՝ դժվար է Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի փակումը ցնցող սենսացիա համարել, սակայն այն, որ մինչ հանձնաժողովների ձևավորումն ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ չի բացառվում՝ համապատասխան հանձնաժողովն այլևս գոյութուն չունենա, թույլ է տալիս ֆիքսել այն փաստը, որ որոշակի անակնկալ, այնուամենայնիվ, այս հարցում գրանցվեց. Հայաստանը կշարունակի թեկուզ փոքր քայլերով, բայց, այնուամենայնիվ, շարժվել Արևմուտքին ընդառաջ:

Այն հարցի պատասխանը, թե ինչով կարող է պայմանավորված լինել  Եվրաինտեգրման
հարցերի մշտական հանձնաժողովը չփակելու որոշումն, ավելի քան ակնհայտ է. սա նշանակում է՝ չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրն անդամակցում է ԵՏՄ-ին, իսկ վերջին շրջանում անհամեմատ հզորացել է ՌԴ ազդեցությունը Հայաստանում՝ պայմանավորված բոլորին տեսանելի հանգամանքներով, Հայաստանն, այնուամենայնիվ, մտադիր է հնարավորինս  բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել ու ինչ-որ իմաստով նաև «կանաչ լույս վառել» Արևմուտքի առաջ: Ավելին՝ կարելի է ասել, որ հանձնաժողովի չփակումը լիովին տեղավորվում է ներքաղաքական վերջին տենդենցների տրամաբանության ծիրից ներս. ակնհայտ էր, որ  այդ թվում և պայմանավորված Հայաստանում ներիշխանական պայքարի առանձնահատկություններով՝ բարձրագույն իշխանությունները չէին կարող կտրուկ «ոչ» ասել Վաշինգտոնին, որը, պետք է նկատել,  բավական դրական ազդանշաններ է ուղարկում Հայաստանի ուղղությամբ: Եվ հետո՝ իշխանությունները  շատ լավ հասկանում են, որ զուտ օբյեկտիվորեն Հայաստանը ոչ մի կերպ չի կարող Բելառուսի վերածվել (նույնիսկ Լուկաշենկոն է վերջերս փորձում ինչ-որ կամուրջներ կառուցել  Եվրոպայի հետ)՝ մանավանդ որ Անդրկովկասում ստեղծվածչափազանց նուրբ աշխարհաքաղաքական իրավիճակում ցանկացած անզգույշ քայլ՝ ուժային կենտրոնների ուղղությամբ, կարող է ճակատագրական դառնալ մեր երկրի համար:

Ակնհայտ է, սակայն, որ Հայաստանի քայլերն Արևմուտքի ուղղությամբ երբեք չեն կարող լինել միանգամայն անկախ որոշման արդյունք. ամեն բան նախևառաջ համաձայնեցվում է Մոսկվայի հետ, ու նույն Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի մնալը, կասկած չի կարող լինել, ևս Մոսկվայի թույլտվությամբ է. իրականում Հայաստանն իր ամեն մի քայլը նախ համաձայնեցնում է Կրեմլի հետ ու հետո միայն դիմում գործողությունների, ինչը, նկատենք, օբյեկտիվ է:

Թե մեր երկրի ոչ այնքան համաձակ քայլերն Արևմուտքի ուղղությամբ ինչ պտուղներ կտան, ցույց կտա երևի թե ժամանակը, ակներև է, սակայն, որ Հայաստանն երբեք չի անցնի այն կարմիր գիծը, որը նրա համար սահմանել է Ռուսաստանը. կոմպլեմենտարիզմն այլևս վտանգավոր կարող է լինել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ