Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ զինկոմիսարիատից իրեն ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի անցնի բժշկական ստուգում։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Շահենն իր դժգոհությունն արտահայտեց զինկոմիսարիատի այս որոշման առնչությամբ՝ շեշտելով, որ ինքը երբեք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել. «Ինձ հայտնեցին, որ մայիսի 29-ին պետք է գնամ Ավանի հոգեբուժարան և այնտեղ մնամ երեք օր: Ինձ համար անընդունելի է այս որոշումը, քանի որ ես երբեք հոգեկան առողջության խնդիրներ չեմ ունեցել և երբեք հոգեպես անհավասարակշիռ վարքագիծ չեմ դրսևորել, սակայն այսօր պարզվեց, որ զինկոմիսարիատը, հիմք ընդունելով այն, որ ես դատապարտված եմ, որոշել է, որ գուցեև ունենամ վարքի շեղումներ, և ինձ ուղարկում են երեք օր հոգեբուժարանում ապրելու»,-ասաց նա՝ հավելելով, որ վաղն առավոտյան գնալու է զինկոմիսարիատ՝ խնդրելու՝ իրեն ազատել հոգեբուժարանում հայտնվելու պահանջից: 

Մեր հարցին՝ ինչո՞ւ է վերջինս այդքան խուսափում հոգեբուժարանում հայտնվելուց, չէ՞ որ երեք օր այնտեղ անցկացնելուց հետո կարող է նույն զինկոմիսարիատին փաստել, որ ինքը հոգեպես առողջ է, Շահենը պատասխանեց. «Ես շատ լավ տեղեկացված եմ, թե այդ հոգեբուժարանում ինչ պայմաններում են հիվանդներն ու ինձ պես այնտեղ հայտնվողներն ապրում: Մեկ սենյակում են հավաքում 10 հոգու, որոնց մեջ լինում են նաև հոգեկան առողջության խնդիրներով մարդիկ, այսինքն՝ առողջին և հիվանդին պահում են նույն սենյակում, և առողջ մարդկանց համար սարսափելի դժվար է հոգեկան խնդիրներ ունեցողների հետ երեք օր նույն սենյակում ապրելը, կարող են լինել պահեր, երբ չես դիմանա և կպայթես ուղղակի: Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ հոգեբուժարանում ոչ բարեկիրթ են նաև բժիշկներն ու սենյակներ մտնող քույրերը: Ես ասում եմ բաներ, որոնց մասին ինձ պատմել են անձամբ այդ պայմաններում ապրած մարդիկ»,-իր մտահոգությունները հայտնեց Շահեն Հարությունյանը: 

Վերջինս նաև հավելեց, որ եթե զինկոմիսարիատում վաղն իր դիմումը մերժեն, մեծ բիծ կքաշեն իր  ապագայի վրա, քանի որ ինքը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, ավելի խորանալ այդ դաշտում:

Ինչ ընթացք կստանա Շահեն Հարությունյանի դիմումը, ԼՈւՐԵՐ.com-ը հետամուտ կլինի և կներկայացնի իր ընթերցոողներին: 

Աղավնի Սուքիասյան