Ինչպես հայտնի է, նախորդ տարվա ընթացքում Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովը վավերացրել էր «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

Ըստ այդմ՝ նախատեսվում էր իրականացնել Հայաստանի համայքների խոշորացման ծրագիր: Ու չնայած ծրագրի իրագործումն այժմ ընթացքի մեջ է, սակայն վեճերը` կապված ծրագրի արդյունավետության կամ նպատակահարմարության հետ, չեն դադարում. այս հարցում փորձագիտական շրջանակների կարծիքները հակոտնյա են միմյանց:

Իրականում ծրագիրը, որի առաջին ջատագովն ու պրոպագանդողը Հայաստանում  տարածքային կառավարման և զարգացման նախարար նախարար Դավիթ Լոքյանն է,  պիլոտային է ու, կարելի է ասել, թելադրված է դրսից` Արևմտյան Եվրոպայից: Եվրոպացի չինովնիկները, փորձելով հիմնավորել այս ծրագրի նպատակահարմարությունը, հաճախ իրենց հարցազրույցներում փորձել են որոշ երկրների օրինակով բացատրել սպասվելիք այն դրական արդյունքների իսկությունը, որ իբր ստացվելու են ծրագրի իրականացման արդյունքում: Իսկ որպես այդ ծրագրի առավելություն դրա կողմնակիցները հաճախ բերում են ֆինանսներ տնտեսելու, տնտեսական որոշակի դրական էֆեկտ ունենալու կասկածելի հանգամանքները` չնայած այն փաստին, որ վերջին ուսումնասիրությունները փաստում են` ֆինանսական տեսանկյունից համայնքների խոշորացումը գլոբալ իմաստով ոչինչի չի կարող տալ Հայաստանին:

Ինչ վերաբերում է ծրագրին դեմ արտահայտվողներին, ապա նրանց փաստարկները կարծես շատ ավելի հիմնավոր են հնչում` բխելով այն իրականությունից, որում մենք ենք ապրում: Խնդիրն այն է, որ գոյություն չունեն բոլոր երկրներին միաժամանակ բարիք բերող ունիվերսալ կառավարման բանաձևեր: Ու եթե ասենք համայնքների խոշորացումն Անգլիայում էֆեկտիվ է ստացվել, իսկ դրական արդյունքներն էլ տեսանելի, շոշափելի, ապա նույն այդ ծրագիրը կարող է կործանարար լինել այնպիսի սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է:

Բանն այն է, որ համայքների խոշորացումը նախևառաջ հարվածելու է սահմանային բնակավայրերին, ու այն գյուղերը, որոնց վիճակն առանց այն էլ բարվոք չէ, որոնք նույնիսկ այսօր ապրելու համար այնքան էլ հարմարավետ չեն, անխուսափելիորեն հայտնվելու են վերջնական դատարկման եզրին, քանի որ ապրել նմանատիպ բնակավայրերում, օբյեկտիվորեն անհնարին է լինելու, ինչը պատերազմող երկրի համար ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ.այսիքն` խնդիրը լուծելու փոխարեն,այն բարդացնելու ենք: Ոչ պակաս կարևոր պրոբլեմ է մատուցվող ծառայությունների կենտրոնացվածության հարցը, որը կարող է հսկայական խնդիրներ հարուցել` պայմանավորված Հայաստանի մի շարք առանձնահատկություններով: Եվ վերջապես արտագաղթի խնդիրը: Ակնհայտ է, որ ցանկացած անզգույշ քայլ արտագաղթի նոր առիթ է դառնալու:

Բայց միևնույն ժամանակ ասել, թե տեղական ինքնակառավարման ներկայիս մոդելը լիովին արդարացնում է իրեն, ևս սխալ ու անհիմն: Բանն այն, որ որոշ համայքներում մի շարք դեպքերում համայնքների օպտիմալացումն, ինչպես այժմ փորձում են անվանել այս ծրագիրն, իրոք կարող է ցանկալի արդյունքներ ապահովել: Այս իմաստով պետք է նկատել, որ եթե նույն «համայնքների խոշորացում» կոչվող պիլոտային ծրագիրը կյանքի կոչվի ընտրողաբար, բայց ոչ երբեք համատարած կերպով, ապա կարելի է և դրանից դրական արդյունքներ ակնկալել: Հարցն այստեղ, այն է, որ մեզ, ըստ էության, Արևմուտքը, որն էլ հենց հեղինակն է այս վիճելի նախաձեռնության, այլընտրանք չի թողնում. մեկ անգամ չէ, որ եվրոպացի չինովնիկները, գալով Հայաստան, անթաքույց կերպով ակնարկել են, թե եթե ծրագիրը կամովին չիրագործվի, ապա այն կիրագործվի ստիպողաբար, ինչը, սակայն, ժողովրդավարության տեսնակյունից իբր անցանկալի կլիներ:

Ակամա հարց է առաջանում` իրականում ի՞նչ նպատակներ են հետապնդում Հայատանի     դարդուցավով «տառապող եվրոպացիներն, երբ մեզ ստիպում են սեփական երկրի հետ վարվել այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում. համաձայնե՛ք` ինչ-որ կասկածելի հոգատարություն է այս ամենում թաքնված…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ