Մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնում ՀՀ վարչապետ Կարեն Կրապետյանը. Կազանում կայանալու են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը, որոնց իր մասնակցություն է բերում նաև Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս վարչապետ Կարապետյանի:
Անկասկած, վարչապետի այս այցը, որ տեղի է ունենում Հայաստանի համար վճռորոշ փուլում՝ հատկապես երկրի ներքին կյանքում տեղի ունեցող ու դեռևս սպասվող իրադարձությունների ֆոնին, հանրությանն առավելապես հետաքրքում է հենց ներքաղաքական տեսանկյունից. ի՞նչ հետևանքներ կունենա Կարապետյանի այս այցը ՌԴ Հայաստանի կյանքում, և կամ ի՞նչ իրական տնտեսական ակնկալիքներ այսօր կարող ենք ունենալ հյուսիսից:
Պետք է նկատել, որ համենայն դեպս այս փուլում մեր երկրի ներքին քաղաքական կյանքը գրեթե լիովին շաղկապված է տնտեսության հետ, ինչը, նախևառաջ, վարչապետի անձի հետ է պայամնավորված. Կարապետյանի ներքին դիրքերի ամրապնդման տեսանկյունից այսօր հիմնահենքային նշանակություն ունի այն հարցը, թե որքանով իրականություն կդառնան ներդրումների վերաբերյալ խոստումները: Պակաս հատկանշական չէ այն, որ Կարապետյանի այցը տեղի է ունենում Կառավարության ձևավորման նախօրեին, ինչը ևս չի կարող պարզ զուգադիպություն համարվել:
Կասկածից վեր է, որ բացի պրոտոկոլային հարցեր քննարկելուց, Կարապետյանն իր ռուս գործընկերոջ հետ քննարկելու է նախևառաջ հարցերի որոշակի շրջանակ, որոնք անմիջականորեն առնչվելու են իր իսկ հայաստանյան կարիերային: Ակնհայտ է, որ եթե առաջիկայում՝ գոնե մինչև 2018, ներդրումների մասին խոստումները մնան այդպես էլ սեղանին ու կյանքի չկոչվեն, եթե ռուսները որևիցե էական քայլ չանեն՝ Կարապետյանին փրկելու սին խոստումներ տվողի պիտակից, ապա վարչապետի՝ 2018-ից հետո ևս վարչապետ մնալու կամ գոնե իր ազդեցիկությամբ այդ պաշտոնին մոտ մի պաշտոն ուենալու բոլոր հույսերը կարող են հօդս ցնդել:
Ամեն բան իրականում պարզից էլ պարզ է՝ Կարապետյանն այսօր բոլոր դեպքերում չունի այն թափը, որպեսզի կարողանար ռեալ ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին, ու լավագույն սցենարը նրա համար կարող է լինել գոնե ղեկավար որևիցե պաշտոն հետագայում ստանձնելը կամ եղածը պահպանելը, եթե Սերժ Սարգսյանը որոշի չվերցնել վարչապետի պաշտոնն, այլ շատ ավելի հետաքրքիր լուծման գնա՝ նախընտրելով ասենք ԱԽ քարտուղարի բարձր դիրքը: Այլ կերպ ասած՝ Կարապետյանը ռուսներին փորձելու է համոզել, որ եթե ցանկանում են Հայաստանում խորացնել ռուսական ազդեցությունն, ապա դա անելու համար միակ օպտիմալ ճանապարհը Հայաստանում ներդրումներ կատարելն է, միառժամանակ առաջ մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրած ներդրողների ակումբը պետք է ինչ-որ կերպ ապացուցի իր կենսունակությունը:
Մեծագույն հարցն այս ամենում այն է, սակայն, թե ինչ կպատասխանեն Կարապետյանին Մոսկվայում: Իրականում պետք է խոստովանել, որ Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունն ամենևին էլ տնտեսական գործոնով չէ, որ պայմանավորված է. այդ ազդեցությունն առավելապես ռազմաքաղաքական բնույթ ունի, ու անկախ այն բանից, թե ասենք նույն Սամվել Կարապետյանը որքան գումար կներդնի Հայաստանի տնտեսության մեջ կամ ևս քանի առևտրային կենտրոններ կհիմնի, դրանից էական ոչինչ չի փոխվելու հայ-ռուսական հարաբերություններում. Ռուսաստանն այս փուլում կարող է ազդեցության շատ ավելի կոպիտ գործիքներ կիրառել Հայաստանի նկատմամբ՝ շահարկելով անդրկովկասյան ամենաարյունոտ հակամարտությունը:
Իսկ ռուսների տրամաբանությունը շատ պարզ է՝ ինչո՞ւ ավելորդ տեղը փող ծախսել, եթե կարելի է հետապնդած նպատակներին հասնելու շատ ավելի խնայողական բնույթ կրող միջոցներ կիրառել: Ի՞նչ է անելու Հայաստանն առանց Ռուսաստանի... Համաձայնե՛ք՝ ուղղակի անգերազանցելի տրամաբանություն:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ