Երեկ կառավարությունը հաստատել է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը: Ըստ այդմ՝ նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն:
Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Այս ծրագիրը հարկավոր է դիտարկել երկու տեսանկյունից՝ պետական մասնակցությամբ տվյալ հիմնարկների արդյունավետության և որպես գործարք, որից ակնկալվում է ուղղակի բավական մեծ գումար ստանալ և լուծել բյուջեում առկա խնդիրները: Գաղտնիք չէ, որ պետական ձեռնարկությունների գերակշիռ մասը Խորհրդային Միությունից ժառանգած ձեռնարկություններ էին, ընդ որում՝ պետական ձեռնարկություններ ասելն այս պարագայում այդքան էլ ճիշտ չէ, քանի որ դրանցից շատերը փաստացի գործունեություն չեն ծավալում, ծավալելու դեպքում էլ աշխատում են հնարավոր արդյունավետության շատ ցածր մակարդակով, այսինքն՝ այստեղ գործ ունենք պետական սեփականություն հանդիսացող գույքի հետ: Պետության կողմից շահագործումը տարիների ընթացքում եղել է անարդյունավետ, քանի որ ի տարբերություն ԽՍՀՄ-ի՝ ՀՀ-ն ունի այնպիսի կառուցվածք, որ պետական մասնակցությամբ բիզնես ընկերությունների արդյունավետությունը բավականին ցածր է:
Բավական մեծ ծավալի գումարի ակնկալիքով գործարքի հավանականությունն էլ այդքան իրատեսական չէ այս պարագայում: Հարցը ոչ թե այս պահին ինչ-որ անշարժ գույքի արժեքի տեսանկյունից պետք է նայենք, այլ պոտենցիալ գնորդը դա պետք է դիտարկի որպես բիզնես-նախագիծ և իրականացնի ներդրումներ՝ հնարավոր շահույթ ստանալու նպատակով, բայց այսօր, ցավոք, ներդրումային միջավայրն մեղմ ասած բարվոք չէ, որ գույք ձեռք բերեն ու հետագայում շահագործեն: Դրա փոխարեն կառավարությունը կարող էր օգտվել որոշ հետխորհրդային երկրների օրինակներից: Մասնավորապես՝ հարևան Վրաստանում, որ նաև հենց այս պետական ձեռնարկություններին պետությունն իր ներդումային հետաքրքիր լուծումներն է տալիս, մասնավորապես, բազմաթիվ կիսակառույց, շահագործումից դուրս մնացած ձեռնարկություններ, տարածքներ պետությունը ներդրողներին նույնիսկ 1 դոլարով է նվիրաբերում, որի դիմաց պայման է դրվում՝ վերազինել, վերակառուցել և կատարել ներդրումներ, արդյունքում՝ Վրաստանի շրջաններում, օրինակ, առողջապահության ոլորտում ներդրումներ կատարվեցին, հին շենքերը տվեցին մասնավորին անվճար՝ պայմանով վերակառուցել, լավ պայմաններ ստեղծել, նույնը նաև հյուրանոցների պարագայում է: Հետաքրքիր կլիներ, եթե պետությունն այս մոտեցումը որդեգրեր:
Կառավարության ներկայացրած ցանկում կան պետական մասնակցությամբ կազմակերպություններ, որոնց վաճառքը, միանշանակ, անընդունելի է և որոնք հանրային բարիք են ստեղծում, պետության, քաղաքի տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեն, և ամբողջությամբ դրանք մասնավորին հանձնելը չի կարելի ճիշտ քայլ համարել: Եթե պետությունը չունի ռեսուսրներ, ապա ուղղակի կարելի էր հանձնել կառավարման, այդ պարագայում մասնաբաժինը կմնար պետությանը, իսկ 20-30 տոկոսը կտրվեր մասնավորին: Այս տեսակ գործարքների կնքումը կարճաժամկետ հաղթաթուղթ է, որպեսզի կառավարությունը ստանա դրամական միջոցներ՝ հաշվի առնելով բյուջեում առկա խնդիրները, տարեցտարի ավելացող դեֆիցիտը: Այդ տեսանկյունից՝ այսօրվա մի քանի միլիարդով վաճառքը ընդամենը բյուջեի դեֆիցիտը պակասեցնելու նպատակ է հետապնդում:
Ստելլա Խաչատրյան