ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ՀՀԿ-ական կազմը գրեթե պատրաստ է․ ի տարբերություն նախորդի, այս անգամ ՀՀԿ-ն թերեւս 4 ներկայացուցիչ ունենա։ Հաշվարկն արվելու է Դոնթի բանաձեւով, իշխող կուսակցությունն այս անգամ տոկոսային հարաբերությամբ ավելի շատ պատգամավոր ունի՝ 105-ից 58-ը, քան նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ 131-ից 69-ն էր։

Ըստ այդմ, ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում կընդգրկվեն ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուները, իսկ «Ելք»-ի ներկայացուցչին, հավանաբար, կընդգրկեն փոխարինող կազմում։ Մեր տեղեկություններով, «Ելք»-ն այս հարցն էլ է պատրաստվում վիճարկել։ 4 ՀՀԿ-ականներն են՝ Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Հերմինե Նաղդալյանը։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԱԺ փոխխոսնակների աղմկոտ քվեարկությունը ՀՀԿ-ում, մտորելու տեղիք է տվել՝ նշանակե՞լ էմոցիաները զսպել չկարողացող Արփինեին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, թե՞ պահպանել ստատուս- քվոն եւ վերանշանակել Հերմինե Նաղդալյանին։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը համարվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի ամենահավանական թեկնածուն: Թեև Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ տեղափոխման բազմաթիվ պատճառներ այս ընթացքում քննարկվեցին, այնուամենայնիվ, առավել իրատեսական են թվում դրանցից երկուսը: Արփինե Հովհաննիսյանն ըստ ամենայնի խորհրդարան տեղափոխվեց այն պատճառով, որ Կարեն Կարապետյանը մերվել էր նրա հետ, իսկ դա բավարար պատճառ էր, որպեսզի Սերժ Սարգսյանը Արդարադատության նախկին նախարարի նկատմամբ կորցներ վստահությունը և նրան չտեսներ նոր կաբինետի կազմում: Դավիթ Հարությունյանն Արդարադատության նախարար նշանակվեց՝ ի հեճուկս Կարեն Կարապետյանի, ով նրան նոր կառավարությունում չէր տեսնում: Իսկ Հարությունյանը համակարգի համար առանցքային ու պահանջարկված կերպար է, Սերժ Սարգսյանի «քաղաքական մենեջերը» ճգնաժամային իրավիճակներում: Մյուս պատճառը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ առիթը՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում Արփինե Հովհաննիսյանի կողմից տարված արդյունավետ աշխատանքն էր. իզուր չէ, որ այս պահին Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը համարվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի ամենահավանական թեկնածուն: Չի կարելի բացառել, որ իշխանությունները հենց այս առաքելության համար են Արփինե Հովհաննիսյանին առաջարկել գործադիրից տեղափոխվել օրենսդիր:

ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային փորձ ունի դեռեւս 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում, երբ պատվիրակության անդամ էր: Չնայած այն ժամանակ էլ էր պատվիրակության ղեկավարը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սակայն պատվիրակության անդամների ջանքերով՝ Ադրբեջանի կողմից վեհաժողովին ներկայացված հակահայ զեկույցներից հանվում էին ադրբեջանահաճո ձեւակերպումները: Դրա օրինակներից մեկը 2015 թվականին «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցից «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների օկուպացումը Հայաստանի կողմից» ձեւակերպումը հանելու փաստն է: Արփինե Հովհաննիսյանի դերը ԵԽԽՎ-ում ՀՀԿ վերնախավը բարձր է գնահատում, եւ դրա համար է, որ Հերմինե Նաղդալյանին եւս մեկ անգամ հնարավորություն չտրվեց ղեկավարելու խորհրդարանական պատվիրակությունը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը միանշանակ ռեաբիլիտացիայի կարիք ունի, եւ այդ պատասխանատվությունն էլ ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը դնելու է Արփինե Հովհաննիսյանի ուսերին:

 

Ստելլա Խաչատրյան