Ազգային Ժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկման դրվեց ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած փոփոխության նախագիծը, որը վերաբերում է քաղաքացիների թոշակների տրամադրման նոր կարգին. մասնավորապես՝ առաջարկվում է թոշակների տրամադրման նոր կարգ սահմանել դատավորների համար, ովքեր 20 տարի և ավել աշխատել են այդ պաշտոնում՝ նրանց տրամադրելով 600 հազար դրամ թոշակ:

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն անընդունելի է համարում այս նախագիծը՝ շեշտելով, որ եթե անգամ դատավորների համար մշակվի թոշակի տրամադրման նոր կարգ և նրանց համար սահմանվի բարձր կենսաթոշակ, միևնույնն է, դա կոռուպցիայի դեմ պայքար չի կարելի դիտարկել. «Ո՞վ է ասել, որ դատավորը պետք է ստանա 600 հազար դրամ կենսաթոշակ, իսկ պատգամավորը 400 հազար դրամ աշխատավարձ: Մինչև նրանց համար նման բարձր թոշակի կարգ սահմանելը նախկինում էլ նրանց աշխատավարձերը բարձրացրեցինք, ի՞նչ եղավ, նրանք դադարեցի՞ն կաշառք վերցնել: Մի քանի դատավորի  կաշառք վերցնելու պահին բռնելն ու հեռուստատեսությամբ ցուցադրելը դեռ չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ մենք պայքարել ենք: Ես վստահ գիտեմ՝ կա քաղաքական պատվեր՝ կաշառք վերցնող դատավորին չպատժելու, հակառակ դեպքում՝ պատկերն այլ կլիներ»,-նշեց պատգամավորը: 

Դատավորների համար բարձր թոշակի սահմանմանը դեմ արտահայտվեց նաև «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանը. «Կատաստրոֆիկ աղքատ երկրում ո՞նց կարելի է 40 հազար դրամ թոշակ ստացողի կողքին 600 հազար դրամ թոշակ տալ դատավորին: Էդ ո՞ւմ հաշվին է նա այդ թոշակը ստանալու: Սա ի՞նչ բստրածին օրենք է, սա անընդունելի է»,-օրենքի նախագծի նկատմամբ իր դժգոհությունն արտահայտեց պատգամավորը: 

Նշենք, որ օրենքի նախագծի թեժ քննարկումը շարունակվում է: