ՀՀ Ազգային ժողովում այսօր  շարունակում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը:

Օրակարգում քննարկվում են երեկ ԱԺ բերված նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցերը:

Նախագծով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձինք, ովքեր համապատասխանաբար 2014 և 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունված այս նախագիծը ենթարկվել է Կառավարության փոփոխությանը, որը, ինչպես հայտնի ասացվածքում, ուզում էին ավելի լավը լինի, բայց՝  ստացվեց ինչպես միշտ: 

«Ով է ասել, որ նա, ով դատախազություն է գալիս քննչական կոմիտեից, պետք է ստանա 400 հազար դրամ թոշակ, իսկ քննչական կոմիտեից չեկածը պետք է ստանա 200 հազար թոշակ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են քննչական կոմիտեի հետ կապ ունեցողները արտոնյալ կարգավիճակ ստանում: Շատ լավ գիտենք, թե ինչու է Աղվան Հովսեփյանն այսպիսի դիրքորոշում որդեգրել»,-նշեց ԵԼՔ դաշինքի պատգամավորը՝ պնդելով, որ ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու այս օրենքի նախագծին:

 ԱԺ ԵԼՔ դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Զեյնալյանը, խոսելով այս օրենքի նախագծի մասին, պնդեց, որ Կառավարությունը թեև առաջին ընթերցումից հետո նախագծի վրա որոշակի փոփոխություններ է կատարել, սակայն, սխալները չեն ուղղվել, հետևաբար՝ նա խորհուրդ տվեց սխալներ թույլ չտալ, և մարդկանց իրավունքները չխախտել, որպեսզի հետո էլ որոշենք նրանց իրավունքները վերականգնել:

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը նշեց սակայն, որ օրենքի նախագծի վերաբերյալ նման տեսակետները շեղում են հարցի իրական քննությունից.

«Ոչ մեկին էս օրենքով արտոնություն չի տրվում, արտոնություն՝ նախկին օրենքով արդեն տրված է եղել, պարզապես ժամկետներն են երկարաձգվում, իսկ քննիչ ասվածը միայն քննչական կոմիտեին չի վերաբերվում, այլ ընդհանրապես քննիչների մասին է, ովքեր 20 տարի եղել են այդ պաշտոնում»: 

Պատգամավորների ելույթներից հետո նախագիծը դրվեց երկրորդ ընթերցմամբ քվեարկության: Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ քվեարկությունն անօրինական է, քանի որ ՀՀԿ-ական բացակա պատգամավորների փոխարեն քվեարկել են, այս մտքին հակադարձեց Վահրամ ԲԱղդասարյանը, նշելով, որ Փաշինյանի արձանագրածը չի համապատասխանում իրականությանը: Վերաքվեարկումից հետո 60 կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքի նախագիծն անցավ երկրորդ ընթերցումը: