Հայաստանի համար գործազրկությունը վերջին տարիներին ազգային աղետի է վերածվել և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Չնայած կառավարության գործադրած առերևույթ ջանքերի՝ գործազրկության հաղթահարման հարցը օրակարգային է:
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները բնավ սփոփիչ չեն: Ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը ավելացել է, նմանատիպ պատկեր է նաև հունվար-ապրիլ ամիսներին գրանցված գործազուրկների թվի մասով: Ըստ այդ տվյալների՝ 2016 թվականին Հայաստանում աշխատանք է փնտրել 79 716 մարդ, իսկ ահա 2017-ի ապրիլին աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 15 702-ով: Կանայք Հայաստանում տղամարդկանցից հաճախ են հայտնվում աշխատանք փնտրողների շարքում: 2017-ի ապրիլին աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը եղել է 33 749, իսկ կանանց թիվը` 61 669: Շիրակի մարզն էլ իր հերթին գլխավորում է ոչ միայն սպորտային մարզերի ցանկը, այլ նաև առաջինն է աշխատանք փնտրողների թվով՝ 17 106 մարդ: Այս տվյալների առաջնային աղբյուրն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունը, ինչը իր հերթին նշանակում է, որ ներկայացված թվերը կարող են տատանվել`հաշվի առնելով, որ ոչ բոլորն են դիմում զբաղվածության պետական գործակալությանը: 2016թ. վերջին Հայաստանում գործազուրկների «բանակը» պաշտոնապես 221 հազար 500 է: Ու թեև 2015թ. համեմատ այդ ցուցանիշը նվազել էր մոտ 22 հազարով, փոխարենը՝ աշխատողների թիվը 2016-ին չի ավելացել, այլ նույնպես պակասել է` մոտ 66 հազարով: Չմոռանանք նաև այն փաստը, որ մեր երկրում ուռճացվում են նաև տնտեսական աճի ցուցանիշները: Տնտեսությունն իրականում գտնվել է լճացման մեջ: Եվ տնտեսական աճի մեջ զբաղվածությունը` որպես կարևոր մաս, կարող էր նույնիսկ նվազել, որովհետև նման տեմպի մեջ միգրացիան կարող է բացասական ազդեցություն ունենալ, հաշվի առնելով, որ աշխատողների մի մասը հեռանում է երկրից:
Որն է այս աղետալի իրավիճակի արմատը և ինչու այն չի հաջողվում վերացնել:
Գործազրկությունը մեր երկրում ոչ թե պարզապես աշխատատեղերի բացակայությունն է, այլ մարդկանց անվստահության զգացումը: Կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է՝ «հավելյալ» գործազրկության տոկոսը, որը ներկայացնում է այն մարդկանց, որոնք կարող են աշխատել, սակայն ակտիվորեն աշխատանք չեն փնտրում, որովհետեւ հիասթափված են եւ աշխատանք գտնելու հույս չունեն: Համապատասխան հետազոտության դեպքում այդ տոկոսը մեր երկրում կարող է բավականին բարձր լինել: Մյուս պատճառը այն է, որ կրթությունը զբաղվածություն չի ապահովում: Մեր երկրում առկա է դիպլոմավորված գործազուրկների հսկայական բանակ, և այստեղ մեծամասնություն են կազմում երիտասարդները, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Բնակչությանը զբաղվածությամբ ապահովելու համար կարեւոր դեր են կատարում նաեւ փոքր ձեռնարկությունները, որոնք, սակայն, Հայաստանում, կամ քիչ են, կամ էլ գնալով փակվում են գործարարության ոչ բարենպաստ միջավայրի պատճառով:
Ըստ մրցունակության համաշխարհային ինդեքսի՝ հակամենաշնորհային քաղաքականության եւ ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից Հայաստանը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ցուցակում վերջին տեղում է: Նման ցածր վարկանիշը արտացոլում է Հայաստանում տնտեսության դինամիզմի բացակայությունը, որն էլ իր հերթին բարձր գործազրկության եւ բնակչության ցածր եկամուտների պատճառ է:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ