Google-ն այս շաբաթ ներկայացրել է նոր լոնդոնյան կենտրոնակայանի կառուցման պաշտոնական պլանները, որտեղ հավաքվելու են շուրջ 4 հազար աշխատակիցներ: Ընկերությունն արդեն գործող գրասենյակների հետ միասին բրիտանական մայրաքաղաքում կտեղավորի ավելի քան 7 հազար մարդու: Այդ մասին գրել է The Guardian-ը: 11-հարկանի շենքն ավելի քան 300 մետր կձգվի Կենտրոնական Լոնդոնի հյուսիսարեւելյան մասում գտնվող Քինգս-Քրոսս կայարանի երկայնքով:
Մանրամասն պլաններ բովանդակող հայտը փոխանցվել է Քեմդենի՝ Լոնդոնի համապատասխան շրջանի խորհրդին: Ապագա լոնդոնյան կենտրոնակայանն ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող առաջին շենքն է, որն ամբողջովին նախագծված է Google-ի համար եւ պատկանում է ընկերությանը: Հարկաբաժինների մակերեսը գրեթե 1 մլն քառակուսի ֆուտ է (92 հազար քառակուսի մետր): Դրա ճարտարապետներն են՝ Heatherwick Studios-ը եւ Bjarke Ingels Group-ը: Տանիքի վրա կլինի այգի եւ կանցկացվեն վազքուղիներ, աշխատակիցների հանգստի եւ վերականգնման համար պլանավորված են 25-մետրանց լողավազան եւ բասկետբոլի հարթակներ, ֆուտբոլի խաղահրապարակներ ու մարզասրահներ, մերսման կաբինետներ եւ քնելու համար նախատեսված խցիկներ: Բացի այդ, աշխատակիցների համար կաշխատեն չորս նախաճաշարաններ: Սկզբնապես պլանավորվում էր, որ շինարարությունը կավարտվի 2016 թվականին, բայց, իրազեկ աղբյուրների տվյալների համաձայն, 18 ամիս առաջ Google-ի հիմնադիրներից մեկը՝ Լարի Փեյջը, պատռել է նոր կենտրոնակայանի պլանները՝ դրանք համարելով չափազանց ձանձրալի:
Առաջին նախագծի արժեքը կազմում էր 1 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 1,3 մլրդ դոլար), նոր պլանի ֆինանսական տվյալները դեռ հայտնի չեն:
Այժմ Google-ը հույս ունի շինարարությունն սկսել 2018 թվականին: Լոնդոնից չտեղափոխվելու Google-ի որոշումը, չնայած Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալուն, փորձագետները համարել են բրիտանական տնտեսությանը տրված վստահության քվե, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:-0-/56/ 17.18 Google, Լոնդոն, գրասենյակ, կառուցում: