Կրկին ամառ է, իսկ դա նշանակում է, որ սկսվում է համաշխարհային տուրիզմի ոսկե սեզոնը: Ի դեպ` այստեղ «ոսկե» եզրույթը հարկավոր է ընկալել բառացիորեն, քանի որ այս ոլորտում շրջանառվող միլիարդներն ուղղակի սահմաններ չեն ճանաչում. տուրիզմն այսօր համաշխարհային տնտեսության հիմնասյուներից մեկն է հանդիսանում: Սա, իհարկե, հիանալի է, սակայն հարցը, թե Հայաստանն այս պարագայում որքանով է կարողանում օգուտներ քաղել կամ իր տեղը գտնել տուրիզմի համաշխարհային շուկայում, շարունակում է առկախված մնալ օդում: Ունենալով ոչ այնքան վատ հնարավորություններ` մենք այսօր դուրս ենք մնացել ոչ միայն համաշխարհային մրցակցությունից, այլև` տարածաշրջանային. բավական է դիտարկել Վրաստանի ու Ադրբեջանի համապատասխան ցուցանիշները մեր նույն ցուցանիշների ֆոնին, որպեսզի պարզ դառնա, որ մեր վիճակն, իրոք անհույս է:

Ճիշտ է` այս ամենը բնավ չի խանգարում մեր համապատասխան գերատեսչություններին՝ տեղն եկած տեղը գեղեցիկ թվեր նկարել ու ասել, թե Հայաստանում ամեն տարի զբոսաշրջիների թիվն անցնում է, ասենք, միլիոնից, սակայն բոլորս էլ գիտենք, որ այդ միլիոնը կամ միլիոնները գոյություն չունեցող թվեր են. Հայաստանն այսօր նույնիսկ մեր իրանցի բարեկամների համար գրավիչ չի դիտարկվում, ուր մնաց՝ հրապուրիչ դիտարկվի, ասենք, թաիլանդներում կամ ճավաներում հանգիստ անցնակցնել սիրողների համար: Կարճ ասած` այսօր Հայստանը դարձել է տուրիստական անապատ: Հարց է առաջանում` ինչո՞ւ: նախ՝ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մեծ ճանապարհ սկսվում է առաջին քայլից, ու եթե մենք ցանկանում ենք ինչ-որ բան փոխել այս ոլորտում, պետք է թիրախային հստակ ծրագիր մշակենք:

Մեզ համար այսօր ամենամատչելի կլիենտուրան բնակվում է հարևան Իրանում: Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ նույնիսկ նրանց համար՝ մենք այլևս գրավիչ չենք: Իսկ ինչպես լինենք, երբ նույնիսկ մատչելի, բայց միևնույն ժամանակ՝ մաքուր ու կոկիկ հյուրատներ չկան: Խնդիրն այս՝ հատկապես ցցուն է արտահայտված մարզերում` ասենք, նույն Սյունիքի մարզում: Չմոռանանք, որ Հայաստան ժամանող իրանցիներից շատերն իրենց ոտքը հենց առաջինը դնում են, ասենք, նույն Կապանում, փորձում շունչ քաշել ու հասնել Երևան: Ու հենց այդտեղ էլ ամեն բան փչանում է. կեղտոտ հյուրատներ, կեղտոտ ու թանկ կացարաններ և այլն: Մի խոսքով` իսկական Մոզամբիկ: Այնինչ, եթե թիրախավորված քաղաքականություն վարվեր, մարզերի զարգացման հստակ ու լավ մշակված ինչ-որ ծրագիր կյանքի կոչվեր, ապա ակնհայտ է, որ այս խնդիրն ուղղակի չէր լինի. նույն Սյունքին այսօր սոցիալապես շատ ավելի բարձր մակարդակի վրա կգտնվեր, եթե, դիցուք՝ լուծված լինեին նույն հյուրատների կամ մատչելի հյուրանոցների խնդիրները. պետք էր ի թիվս այլ բաների՝ շեշտը դնել նաև ծառայությունների, սպասարման որակի զարգացման վրա: Այնինչ՝ նույնիսկ խալխի աչքից հեռու միզելու տեղ չունեն մարդիկ, ուր թե՝ քնելու: Ի դեպ՝`նույն Կապանի հետ կապված մեկ հարց է առաջանում` իսկ ի՞նչն է խանգարում նույն քաղաքային իշխանություններին՝ տեղում լուծել նմանատիպ հարցերը: Եթե մի փոքր կրեատիվ մոտեցում ցուցաբերվի, ապա շատ հեշտորեն կարելի կլինի վերոհիշյալ հարցին լուծում տալ ու ձեռքի հետ էլ՝ քաղաքային բյուջեն հարստացնել: Բայց ի՞նչ արած. կրեատիվությունը մեզ բնորոշ չէ…

Դե, իսկ մնացյալ խնդիրների մասին՝ խոսելն իսկ ավելորդ է, քանի որ դրանց մասին խոսվել է բազմաթիվ անգամներ ու գրվել շատ. Հայաստանում այսօր զուտ օբյեկտիվորեն՝ տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան ու ոչ էլ ցանկություն՝ թեկուզ զրոյից՝ դրանք ստեղծելու. ահա թե ինչումն է խնդիրը: Իսկ միգուցե ստեղծե՞նք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ