Արաբական մի շարք երկրների՝ Բահրեյնի,Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի կողմից Քաթարի նկատմամբ իրականացրած դեմարշը դարձել է միջազգային մամուլի ու հեղինակավոր վերլուծաբանների թիվ մեկ քննարկման առարկան. արաբական աշխարհը փոթորկվում է:

Հարցերը, որոնք առաջ են գալիս՝ այս ամենի հետ կապված,պետք է նկատել,բավական շատ են: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա, ի՞նչ նախապատճառներ են ընկած  այս ամենի հիմքում, արդյոք Թրամփի մերձավորարևելյան վերջին շրջագայությունը որևիցե կապ ունի՞ տեղի ունեցածի հետ և, ամենագլխավորը, ո՞ւմ դեմ է իրականում այս ամենն ուղղված, արդյոք միայն Քաթարի՞,թե՞ նաև նրա հետ հարաբերություններ կառուցող այլ երկրների:

Նախ՝ ակնհայտ է,որ այս ամենում չտեսնել արևմտյան հետք,չտեսնել Վաշինգտոնի մատն,ուղղակի կուրության նշան կլիներ. միայն Թրամփի տարածաշրջան այցի ու տեղի ունեցածի միջև առկա ժամանակային ինտերվալը բավարար է՝ հասկանալու, որ սա իրականում Արևմուտքի կողմից մի շարք արաբական երկրների ձեռամբ Քաթարի դեմ դավադրություն է,որի հասցեատերը ոչ միայն Դոհան է,այլև Թեհրանը: Բանն այն է,որ Քաթարն Իրանի համար յուրատեսակ պլատֆորմի դեր էր կատարում արաբական աշխարհում վերջինիս շահերի առաջ մղման համար:Քաթարը ևս հաճույքով էր համագործակցում Իրանի հետ՝ի հակակշիռ ազդեցիկ արաբական երկրների՝այդպիսով փորձելով հակակշիռ ստեղծել Սաուդյան Արաբիային: Ավելին՝ Քաթարի ղեկավարը մի առիթով հայտարարել էր, թե Իրանը միակն է, որ կարող է մրցակցել Սաուդյան Արաբիայի հետ: Նման հայտարարությունները, բնականաբար, չէին կարող անհետևանք մնալ,մանավանդ,որ արաբական  աշխարհում առաջնության համար պայքար մղողների պակաս չի զգացվում. սուննի մեծամասնության համար իսկական խայտառակություն է, երբ ինչ-որ մեկի կողմից շիա մահմեդական երկիրը դիտարկվում է որպես մահմեդական աշխարհում եղանակ ձևավորող ու այն էլ. սա իսկական ապտակ էր Պարսից ծոցի երկրների խորհրդի երեսին՝խորհուրդ,որն անմիջականորեն ղեկավարվում է Վաշինգտոնի կողմից:

Եվ ահա ԱՄՆ-ն փորձում է խաղալ հենց այս հակասությունների վրա՝ սեփական ազդեցությունն է՛լ ավելի տարածելու  տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքը կատարելապես խամաճիկային տարածաշրջան դարձնելու համար:  Հետաքրքրականն այստեղ այն է,սակայն,որ Քաթարը ոչ մի կերպ տարածաշրջանում հակաամերիկանիզմի կենտրոն չի կարելի համարել. այս երկրում տեղակայված են ամերիկյան զորքեր,որոնք չափազանց կարևոր դերակատարություն ունեն Պարսից Ծոցի տարածաշրջանը վերահսկողության տակ պահելու տեսանկյունից: Այլ կերպ ասած՝ Քաթարը ԱՄՆ ազդեցության տակ գտնվող երկիր էր,ուստի բացառված չէ,որ Դոհայի դեմ նման դեմարշը գլխավորապես պայմանավորված լինի հենց Իրանով ու Թրամփի օրոք սկիզբ առած ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաձևումներով. Քաթարի ցանկությունը՝ լավ հարաբերությունների մեջ գտնվելու Իրանի հետ,ըստ էության, չներվեց այդ երկրին:

Իհարկե, արաբական աշխարհում խմորվող նոր ինտրիգը դեռևս հեռու է լիարժեքորեն բացահայտվելուց, դեռևս վաղ է հստակորեն ասելու,թե ինչի կհանգեցնի այս  ամենը,բայց որ սրանով ևս մեկ անգամ ապացուցվում է արաբական աշխարհում առկա արմատական հակասությունները, միանշանակ է. դրանք երկրներ են,որոնք ունեն տարբեր նպատակներ,շահեր ու երբեք չեն միավորվի, բացառությամբ,եթե այդ ենթադրյալ միավորումը չկայանա ամերկյան դրոշի ներքո՝ծառայեցվելու Իսրայելի շահերին:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ