«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել են 5191 դիմորդ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
«Հայաստանում կան 5191 դիմորդ, ովքեր այսօր հանձնում էին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն 29 քննական կենտրոններում։ 5 կենտրոն էլ կան Արցախի հանրապետությունում։ Բոլոր կենտրոններում արդեն իսկ քննությունները մեկնարկել են, որևէ խնդիր չկա՝ կապված դրանց ընթացքի հետ։ Ծնողները բոլոր քննակենտրոններում առկա տեսախցիկների միջոցով կարող են հետևել իրենց երեխաներին»,- նշեց Իսպիրյանը։
Նա մանրամասներ հայտնեց նախորդ՝ «Համաշխարհային պատմություն», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաներից քննությունների վերաբերյալ։
«Այդ երեք առարկաներից բողոքարկման գործընթացը տեղի է ունենալու հունիսի 8-ին առավոտյան ժամը 9:00-18:00, բայց այս պահին, որևէ տեսակի բողոք, ընթացակարգային խնդիր կամ բովանդակային որևէ հարց չեն ունեցել։ Թեստերը բացառապես մաքուր էին, արդյունքները՝ նախորդ տարիներից մի փոքր բարձր»,- ասաց ԳԹԿ տնօրենը։
Քննությանը անհարգելի բացակայող կամ վերահանձնել ցանկացող դիմորդները հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կարող են ներկայանալ ԳԹԿ, նորից դիմում-հայտ լրացնել։ Նրանք հուլիսի 2-8-ը կկարողանան վերահանձնել իրենց ցանկացած առարկան։