Հունիսի 5-ին Գյումրու ավագանու նիստին առաջին անգամ մասնակցեց նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամները շարունակում են բոյկոտել նիստերը եւ չներկայանալ: Նրանք բոյկոտել էին նիստերը, քանի որ ԿԸՀ-ն «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից 1-ական ավագանու անդամի մանդատ վերցրել եւ տվել էր ՀՀԿ-ին, որն էլ ներկայացնում էր «Բալասանյան» դաշինքը:
Մամուլում նաև հրապարակվեց տեղեկատվություն, որ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը, հանդիպել է ՀՎԿ անդամների հետ եւ առաջարկել նրանց ամսական 300 հազար դրամ` նիստերը չբոյկոտելու դիմաց: Այս տեղեկատվությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Գյումրու ավագանու ԳԱԼԱ կուսակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը համարեց չհիմնավորված և չփաստարկված լուր՝ նշելով, որ դա ընդամենը խոսակցությունների մակարդակի է, որը ոչ մի ձևով հնարավոր չէ ապացուցել:
Լևոն Բարսեղյանը նաև հավելեց, որ ԳԱԼԱ-ի և ԲՀԿ` ավագանու12 թեկնածուները աշնանային և գարնանային նստաշրջանները բոյկոտել են, ԳԱԼԱ կուսակցության ավագանու անդամները չեն մասնակցել ավագանու 8 նիստի, և, եթե քաղաքապետը ցանկանում է ավագանու նիստերը բոյկոտած անդամների բացակաները համարել ոչ հարգելի և նրանց զրկել ավագանու մանդատից, դա պետք է աներ ավելի շուտ՝ մայիս ամսին, ինչը չի արել:
Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Սամվել Բալասանյանի այդ ցանկությունն այս պահին և ինչպիսի՞ն է լինելու իր առաջին արձագանքը, Լևոն Բասեղյանը պատաասխանեց. «Ես սև կհագնեմ, Կիևյան կամրջից կնկնեմ ներքև, սգի մեջ կընկնեմ, եթե որոշեն հանկարծ ինձ մանդատից զրկել: Ինչ ասեմ, Սամվել Բալասանյանի հոխորտանքներն ինձ համար ուղղակի զվարճալի են, որովհետև, եթե ցանկանում էր ավագանու նիստերը բոյկոտած անդամներին զրկել մանդատից, թող մինչև հիմա դա աներ: Հիմա է որոշել նման քայլի դիմել, որովհետև նախագահականից կանչել և ասել են, որ անի: Լուրջ չեմ վերաբերվում Սամվել Բալասանյանի կոչերին, որովհետև քաղաքի շահը պաշտպանող քաղաքապետը քաղաքի ունեցվածքը Սերժ Սարգսյանի եղբորը նվիրելու ջատագովը չէր լինի»:
Լևոն Բարսեղյանը նաև հավելեց, որ Գյումրու ավագանու նիստերը կբոյկոտի և չի մասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ Սամվել Բալասանյանը խոսում է սպառնալիքների լեզվով: «Ես անկեղծորեն սպասում եմ այն օրվան, երբ Սամվել Բալասանյանն իմ լիազորությունները դադարեցնելու որոշումը կբերի և կդնի նիստում քննարկման: Եթե ինքը դա չանի, ես անձամբ իմ լիազորություններից հրաժարվելու նախագիծը կտանեմ և կդնեմ ավագանու նիստին՝ քննարկման: Եթե ավագանու 17 անդամները դրան կողմ չքվեարկեն, նշանակում է Բալասանյանը մտածելու շատ լուրջ բան ունի»,- վստահեցրեց Լևոն Բարսեղյանը՝ շեշտելով, որ եթե ավագանու անդամներն իր լիազորությունները վայր դնելու նախագծին կողմ քվեարկեն, ինքը դրանից հետո Գյումրու ավագանու նիստերին կմասնակցի որպես քաղաքացի:
Աղավնի Սուքիասյան