Մինչ հասարակությունը քննարկում է ԱԺ-ում «գործ տվողներին» խրախուսող օրինագծի ընդունումը, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում առկա էր և ընդունվեց մեկ այլ ուշագրավ նախագիծ ևս, որ ներկայացրել է կառավարությունը: Դա պետական ձեռնարկությունների նոր ցանկն է, որոնք դրվում են մասնավորեցման:

Խորհրդարանում դրա քննարկումը չանցավ  համերաշխ մթնոլորտում, ինչպես, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի ստեղծման վերաբերյալ քննարկումը: Եվ պատճառը ոչ այնքան նման նախաձեռնության նպատակահարմարությունն էր, որքան այն լատենտ պատճառը, որը դրդեց կառավարությանը և մասնավորապես վարչապետ Կարապետյանին՝ գնալ այս քայլին: Մասնավորեցման գործընթացը ենթադրում է կապիտալի վերաձևավորում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի տնտեսական ստատուս-քվոյի փոփոխությանը: Բանն այն է, որ Կարապետյանը զրկված է քաղաքական ստատուս-քվոն փոխելու հնարավորությունից, և նմանատիպ գործընթաց է նախաձեռնել իր հարազատ տնտեսական ոլորտում: Գաղտնիք չէ, որ վարչապետն իր գործունեության ընթացքում ընդգծված ուշադրության է արժանացնում պետական գույքի կառավարման խնդրին, կառավարության գրեթե ամեն նիստի ընթացքում որեւէ դիտողություն անելով դրա համար պատասխանատու Արման Սահակյանին: Իսկ այժմ արդեն կառավարության ներկայացրած առաջարկն օրենքի ուժ է ստացել, ինչը Կարապետյանի փոքր, բայց և այնպես՝ հաղթանակն է: Ձեռնարկությունների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու մտադրության տակ՝ իրականում իշխանության եւ բիզնեսի խիստ սերտաճածության պայմանները փոփոխելն է: Սա տնտեսական ստատուս-քվոն փոխելու՝ Կարապետյանի երկրորդ քայլն է: Առաջինը եղավ ի դեմս Հայաստանի ներդրողների ակումբի: Հայաստանի ներդրողների ակումբի եւ կառավարության հուշագիրը պայմանավորվածություն է Հայաստանում «զուգահեռ» կամ «այլընտրանքային» տնտեսության ստեղծման մասին:

Հայաստանի տնտեսությունն ունի ներդրումների կարիք, եւ հատկապես դրանց կարիքն ունի նաեւ Կարեն Կարապետյանը, որովհետեւ միայն դրա շնորհիվ նա կարող է ունենալ արդյունավետություն, փոխել տնտեսական վիճակն ու հավակնել 2018-ին վարչապետի պաշտոնը պահելուն: Առկա է ուշագրավ մի իրավիճակ: Կարապետյանին արդյունավետության համար անհրաժեշտ է երկու բան՝ ներդրումներ եւ համակարգային փոփոխություն: Դրանք երկուստեք միմյանց հետ շաղկապված եւ փոխադարձաբար միմյանցից բխող իրողություններ են: Հնարավոր չէ ներդրում՝ առանց համակարգային բարեփոխման, միեւնույն ժամանակ՝ հնարավոր չէ համակարգային բարեփոխում՝ առանց ներդրման, որովհետեւ բարեփոխումը փող արժե: Համակարգային բարեփոխումը նշանակում է Հայաստանում հաստատված տնտեսական կառուցվածքի, հարաբերությունների շահառու խոշոր սուբյեկտների շահերի զգալի ոտնահարում, ինչն էլ ենթադրում է այդ սուբյեկտների դիմադրություն: Ու քանի որ գործնականում նրանց ձեռքին է Հայաստանի թե՛ տնտեսությունը, թե՛ քաղաքական իշխանության ահռելի մի մաս, այդ ամենը հաղթահարելու համար կամ այդ ամենի հանդեպ մրցունակ լինելու համար առանցքային է դառնում «զուգահեռ» կամ «այլընտրանքային» տնտեսության, տնտեսական մշակույթի եւ հարաբերությունների ձեւավորումը, որոնք կփոխեն ուժերի հարաբերակցությունն ու կապահովեն համակարգային փոփոխության թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական հենքը:

Քաղաքական այդ «պլատֆորմի» առանձնահատկությունն իհարկե բավական հստակ է, որպեսզի հնարավոր լինի իրատեսական դարձնել Կարեն Կարապետյանի վարչապետությունը 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը կթողնի նախագահի պաշտոնը, ու ըստ սահմանադրական պահանջի՝ պետք է ձևավորվի նոր կառավարություն, արդեն լիովին խորհրդարանական կառավարման մոդելով, պետք է փոխվի իշխանության մեջ ուժային բալանսը: Այդ բալանսը հնարավոր չէ փոխել, եթե չլինի տնտեսական բալանսի փոփոխություն: Հայաստանում ներդրումային ակումբի ստեղծումը քայլ էր տնտեսական բալանսի փոփոխության ուղղությամբ: Դրա այլընտրանքը կարող էր դառնալ միայն կուլակաթափությունը, ինչը Հայատանի պարագայում թերևս անհնարին է: Կա՞, ունի՞ Սերժ Սարգսյանը համարժեք պլատֆորմ, թե՞ դրա բացակայությունից ելնելով՝ նա մի կողմից ստիպված է չխանգարել ներդրումային ակումբի ծավալմանը, Կարապետյանի կողմից կապիտալի ձևափոխմանը, մյուս կողմից՝ սակայն, ակնկալում է դրա միջոցով տնտեսության մեջ անհրաժեշտ ներարկումները ստանալով հանդերձ, ժամանակ շահել «ներդրումային այընտրանք» ձևավորելու համար, համենայն դեպս փորձելով: Ի վերջո, հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը նոր կառավարության նշանակումից ի վեր՝ ինտենսիվ կերպով ներդրումներ է փնտրում ռուսականին այլընտրանքային ուղղություններով: Գուցե նա էլ է հասկանում, որ միայն քաղաքական ստատուս-քվոն վերահսկելը բավարար չէ 2018-ի գլխավոր հարցին լուծում տալու համար:

Ստելլա Խաչատրյան