Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ի առավոտյան այցելել է «Աստանա էքսպո-2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները։

 


«Աստանա էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակված տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ցուցահանդեսի ՀՀ ազգային օպերատոր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը հանրապետության նախագահին ներկայացրել են հայկական տաղավարում իրականացված աշխատանքները, ցուցադրված նյութերն ու առաջիկա երեք ամիսներին այստեղ նախատեսվող աշխատանքները: Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաև մասնակից-երկրների ազգային օրեր:

 


Ավարտելով աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: