Կարապետյանի վարչապետ նշանակվելուց երկար ժամանակ չանցած՝ սկսվեցին շրջանառվել խոսակցություններ վարչապետի ու  նախագահի միջև գոյություն ունեցող հակասությունների մասին, որոնք կարծես այնքան էլ հիմնազուրկ չէին թվում: Բայց Սարգսյանի ու Կարապետյանի միջև գոնե տեսականորեն գոյություն ունեցող հակասությունների մասին պնդումներն է՛լ ավելի հիմնավոր սկսցին դառնալ հատկապես վերջին ժամանակներս՝ պայմանավորված միանգամայն բնական իրողությամբ. 2018-ի ապրիլը սարերի հետևում չէ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, հունիսի 12-ին Երևանի քաղաքապետի երդման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր ու նախագահի հարաբերությունների թեմային, հայտարարել է՝ հարաբերությունները հարգալից են, գործնական, աշխատանքային: Ավելին՝ հավելել էր նաև, որ նախարարներին նշանակելիս որևիցե հակասություն իր ու Սարգսյանի միջև չի եղել:

Այս հայտարարությունը, թերևս, կարելի կլիներ դասել միանգամայն սովորականների շարքին, եթե չլիներ մի չափազանց խոսուն հանգամանք. մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը նույնպես խոսել էր նախագահ-վարչապետ հարաբերությունների թեմայով ու, ինչպես և Կարապետյանը, հավաստիացրել, որ բոլոր անհարթությունների մասին զրույցներն ու խոսակցություններն իրականում անհիմն են, իսկ վարչապետն էլ հրաժարական ներկայացնելու ոչ մի պատճառ չունի: Հարց է առաջանում՝  նախագահի ու վարչապետի հարաբերություններն, իրո՞ք, այդքան անամպ են, որ նրանցից ամեն մեկը հարկ է համարում դրա մասին հայտարարությամբ հանդես գալ, թե՞, այնուամենայնիվ, ճիշտ են այն պնդումները, որ այս երկու ղեկավարների  փոխհարաբերություններն օրըստօրե է՛լ ավելի են լարվում՝ պայմանավորված իշխանության համար պայքարով: Նմանատիպ հայտարարություններով ընդամենը փորձ է արվում կոծկել իրականությունն ու քողարկել իշխանական բուրգում  օրեցօր է՛լ ավելի եռացող կրքերը:

Այս հարցերին պատասխան գտնելու համար իրականում շատ բան հարկավոր չէ. ընդամենը պետք է մի փոքր ուշադիր գտնվել ու ֆիքսել, որ գոնե Կարապետյանի վերջին քայլերը հուշում են՝  մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է հարաբերություններում լարվածություն չնշմարել. և՛ հարկայինի վերջին «ռեյդը» «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում, և՛ Կարեն Կարապետյան-Վլադիմիր Գասպարյան երկխոսությունների բովանդակությունը հուշում են, որ Կարապետյանը կոնկրետ թիրախավորված քաղաքականություն է վարում, քաղաքականություն, որը միտված է սեփական դիրքերի հզորացմանը երկրի ներսում` հատկապես ի հաշիվ Սարգսյանի անմիջական ազդեցության տակ գտնվող մարդկանց: Հետևաբար՝ չտեսնել այստեղ խոսքերի ու գործերի միջև հստակ հակասություն, ուղղակի անհնար է:

Հետևաբար՝ եզրակացությունը կարող է լինել ընդամենը մեկը. վարչապետ-նախագահ հարաբերություններն այսօր իրականում զերծ չեն լարվածությունից, դրանք այնքան էլ անամպ չեն, ինչն, ի դեպ, պետք է նկատել, այնքան էլ անբնական չէ. վերջիվերջո սա քաղաքականություն է ու այն էլ մեծ քաղաքականություն, ուր հիմնական նպատակը կամ իշխանության պահպանումն է կամ այն ձեռք բերելը...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ