Արդեն տևական ժամանակ է՝ հայաստանյան մեդիադաշտում իր «հաղթական» ընթացքն է շարունակում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը, որի ժամանակ էկրանի առաջ նստած հեռուստադիտողը տեղեկանում է հաղորդմանը մասնակից ընտանիքների սոցիալական կարիքների, անձնական և միջանձնային հարաբերությունների մութ կողմերի և, որ ամենավատն է, նրանց ինտիմ կյանքի գաղտնիքների մասին:
Թաքնված սեռական հարաբերությունների բացահայտումից մինչև դավաճանություն. ինչ ասես՝ չես լսի այդ հաղորդաշարի հյուրերից, ովքեր գուցե և միտումնավոր, գուցե հաղորդավարի հարցերին պատասխաններ տալով, ստիպված են լինում բացահայտել իրենց անձնական կյանքի մանրամասները՝ անտեսելով «կեղտոտ սպիտակեղենդ դուրս մի՛ հանիր» ժողովրդական հայտնի իմաստնությունը:
Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով այս հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնվող ինտիմ հարաբերությունների մասին, նշեց, որ եթերային էթիկան պահանջում է սեփական խնդիրները բարձրաձայնելիս լինել առավել կոռեկտ, իսկ ինչ վերաբերում է սեռական կյանքի մասին տարատեսակ խոսակցություններին, ապա դրանք պետք է չափը չանցնեն, քանի որ դեմ են եթերային կարգուկանոնին:
«Ես ինքս էլ եմ շատ հաճախ այդ հաղորդմանը ներկայանում եմ որպես փորձագետ, այո՛, երբեմն չափն անցնում և եթերով խոսում են այնպիսի բաների մասին, ինչը բարձրաձայնել ուղղակի չի կարելի: Պետք է պահպանել եթերային էթիկան, մարդկանց սեռական կյանքի մանրամասները պետք չէ այդպես հրապարակել»:
Խոսելով հաղորդաշարի փակման մասին շրջանառվող տեսակետների մասին՝ Մարատ Զաքարյանը նշեց, որ «Կիսաբաց լուսամուտներ»-ի մասնակից ընտանքիներին այնուամենայնիվ ցուցաբերվում է և՛ նյութական օգնություն, և՛ անհրաժեշտ մասնագիտական անվճար օգնություն, հետևաբար, ինքը համամիտ չէ հաղորդումը փակելու կոչերի հետ:
«Չեմ ուզում քննադատորեն խոսել այդ հաղորդման մասին, բայց որ հաղորդման մասնակից անհատների ընտանքիների ինտիմ կյանքի վերաբերյալ պետք է շատ զգույշ և չափավոր հարցադրումներ անել, դա միանշանակ է, պետք չէ հաղոդրման ռեյտինգի հետևից ընկնել և ասել այն, ինչը չի կարելի»: