«Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի այցը Հայաստան, շատերը նկատած կլինեն, մշտապես դառնում է հայկական ԶԼՄ-ներում արծարծվող թոփ թեմաներից մեկը: Սա,թերևս,բնական է,քանի որ այսօր Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերում շատ բաներ հենց «Գազպրոմի»` մեր երկրի նկատմամբ ունեցած վերաբերմունքով են պայմանավորված. չմոռանանք` սա այն էներգետիկ գերհսկան է,որի տիրապետության տակ է գտնվում մեր երկրի էներգետիկ դաշտի հիմնական հատվածը: Հանդիպումը վարչապետի ու Միլլերի միջև անցել է բավական դրական մթնոլորտում. կողմերը միմյանց նկատմամբ մի շարք հաճոյախոսություններ են շռայլել, խոսել համատեղ ծրագրերից, Միլլերն ու վարչապետը նույնիսկ այցելել են Ավանի շինհրապարակ,ուր Գազպրոմի ջանքերով ուսումնամարզական համալիր է կառուցվում և այլն: Մի խոսքով` հանդիպումն ավելի շատ հիշեցնում է երկու բարեկամների ջերմ հանդիպում,քան ինչ-որ պրոտոկոլային միջոցառում:
Հասկանալու համար,սակայն,թե ինչն է իրականում Հայաստան բերել Միլլերին,հարկավոր է հաշվի առնել հատկապես այն,թե այս այցն ինչ իրադարձությունների ֆոնին է տեղի ունենում. Հայաստանում,ինչպես հայտնի է,արդեն մեկ ամիս է`ակտիվորեն խոսվում է ԱՄՆ դեսպան Միլսի 8 միլիարդանոց առաջարկի մասին: Ու, չնայած Կառավարության կողմից դեռևս պաշտոնական արձագանք չի ստացվել, ու միակ պաշտոնյան,ով խոսել է համապատասխան թեմայի շուրջ,Արմեն Աշոտյանն է,սակայն ռուսների համար չէր կարող ակնհայտ չլինել, թե ինչ գործընթացներ կարող են խմորվել Երևանում` հարցն անուշադրության մատնելու դեպքում: Հետևաբար` Միլլերի այցը հարկ է դիտարկել որպես ոչ թե հերթական աշխատանքային այց, այլ գործուղում Կրեմլից` հասկանալու,թե ինչպիսի տրամադրություններ են իշխում Երևանում`կապված Միլսի առաջարկի հետ: Անկասկած, Կարապետյան-Միլլեր ջերմ մթնոլորտում անցած բանակցությունները ԱՄՆ առաջարկին ՀՀ կառավարության կողմից յուրատեսակ պատասխան պետք է դիտարկել.այս դեպքում չնայած պատասխանն ուղիղ խոսքով չէ,որ տրվում է, սակայն այն ոչ պակաս խոսուն է:
Ի դեպ` նկատենք,որ Միլլերի այցը չի կարող զուրկ լինել նաև քաղաքական ենթատեքստից. «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ջերմորեն շնորհավորել է Կարապետյանին վերանշանակվելու կապակցությամբ` հավաստիացնելով, որ «Գազպրոմ»-ը կշարունակի իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ կյանքի կոչելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանը, գազիֆիկացման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև սոցիալական նշանակության նախագծեր:Չտեսնել այստեղ ինչ-ինչ ակնարկներ, ուղղակի անհնար է. Կրեմլը վերահաստատում է` Կարապետյանն այն գործիչն է,ում հետ Մոսկվան սիրով է համագործակցում ու պատրաստ է նրա հետ ճանապարհ անցնել: Կարապետյանն էլ, ինչպես կարելի է համոզվել, իր հերթին, անում է իրենից կախված ամեն բան` չհիասթափեցնելու Հայաստանի հյուսիսային դաշնակցին:
Մի խոսով` եղբայրական մթնոլորտ. այլընտրանքային էներգետիկ նախագծերի ժամանակը չէ…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ