Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Իրար են բախվել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը, որը պատկանում է «Քոչար տուր» ընկերությանը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Քոչար տուր» ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը նշեց, որ ինչպես իրեն հաղորդել է միկրոավտոբուսի վարորոդ Կարապետը, «ԿամԱԶ»-ը ճանապարհին կանգնած է եղել և տեղից առանց որևէ ազդանշանի կտրուկ շարժվել է. «Միկրոավտոբուսի վարորդը հնարավորություն չի ունեցել շարքը փոխելու. մայրուղու վրա այլ մեքենաների բախվելն անխուսափելի կլիներ, և զոհեր այդ դեպքում ավելի շատ կլինենին, ուստի՝ ստիպված՝ հարվածել է «ԿամԱԶ»-ին: Այս պահին վթարված մեքենան արդեն տեղափոխել ենք Երևան, այն գտնվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածքում, մեքենան տեխնիկական որևէ խնդիր չի ունեցել»:

Մեր զրուցակիցը նշեց, որ ռուսական կողմն անում է ամեն ինչ՝ վթարի ողջ պատասխանատվությունը հայ վարորդի վրա գցելու համար. «Ես շնորհալկալ եմ այնտեղի մեր հայկական դեսպանատան ներկայացուցիչներին, ովքեր շատ արագ եկան և պատրաստ են ամեն կերպ օժանդակել, որ ավտովթարի ողջ պատասխանատվությունը չդնեն հայ վարորդի վրա: Նա 4 երեխաների հայր է, և մենք էլ մեր հերթին անելու ենք ամեն ինչ՝ նրան օգնելու, փաստաբան տրամադրելու  համար»:

Մեր հարցին՝ պատրա՞ստ է արդյոք «Քոչար տուր» ընկերությունը փոխհատուցել վիրավոր ուղևորների կրած վնասները, ընկերության տնօրենը նշեց. «Պատրաստ ենք փոխհատուցել նրանց կրած վնասները: Ամեն կերպ կփորձենք աջակցել և փոխհատուցել»:

Աղավնի Սուքիասյան