Մինչ Հայաստանում ակտիվորեն շարունակում են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ստեղծումը, դրա հանդեպ ընդդիմության դրական դիրքորոշումը, բացատրությունները, հիմնավորումները և այլն, Հայաստանի քաղաքացիները նկատում են, թե ինչպես են կամաց-կամաց, սահուն կերպով բարձրանում գները սպառողական շուկայում մի շարք ապրանքատեսակների մասով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցի համաձայն՝ սննդամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով: Սա ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, և, օրինակ, փետրվար-մարտի համեմատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ: Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Ինչով է պայմանավորված այդ հանգամանքը, նույնպես դժվար է ասել, որովհետև, համենայնդեպս, այսպես ասած՝ կոնյունկտուրային նախադրյալներ չկան: Սակայն Հայաստանի տնտեսությունում գները գոյանում են ոչ թե միջազգային տնտեսության ազդեցությամբ, այլ ամենից առաջ օլիգարխիկ տնտեսության տրամաբանությամբ: Հայաստանի քաղաքացիները ինչքան տուժում են այս պահին կոռուպցիայից, նույնքան տուժում են տնտեսության մենաշնորհացվածությունից, օլիգոպոլիաների գոյությունից, երբ իշխանության կրող մի քանի խմբեր ուղղակի միմյանց միջև են բաժանում տնտեսությունը, իսկ մրցակցության համար պայքարն էլ իրականում բաժանվածի վերաբաժանումն է՝ կրկին փակ շրջանակի համար: Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառություն իշխանությունն, այսպես ասած, ինստիտուցիոնալ ձևով ստանձնում է, իսկ ահա տնտեսական մրցակցության համար պայքարի, տնտեսությունը հակամրցակցային իրողություններից պաշտպանելու ինստիտուցիոնալ հանձնառություն չկա:
Այս ֆոնին Ֆինանսների նախարարությունը հայտարարում է բյուջեի եկամուտների կատարողականը, այսպես ասած, ավելացնելու, մուտքերի ծավալներն ավելացնելու մասին՝ դա ներկայացնելով որպես ստվերի դեմ պայքարի հետևանք: Իրականում, սակայն, բյուջեի մուտքերի աճը երևի թե ֆինանսավորում են Հայաստանի սպառողները՝ գնաճի միջոցով, որ արձանագրվում է մուտքերի աճին զուգահեռ: Փաստորեն մեր երկրում աճում են միայն գները, իսկ տնտեսական ցուցանիշները կարծես թե զարգացման որևէ միտում չեն արձանագրում: Սահմանելով աճի 5 տոկոսանոց նշաձող՝ կառավարությունը փաստորեն մտադիր է աշխատել այնպես՝ «ձեռքի հետ» կամ «ինչ ստացվեց՝ ստացվեց» սկզբունքով: Ու սա ոչ մի դեպքում չի կարելի համարել «հավակնոտ»: Պատկերավոր ասած, այդքան տնտեսական աճ կարող է ստացվել, եթե կառավարությունը ընդհանրապես չխառնվի տնտեսության գործերին: Եթե ավելի պատկերավոր լինենք, ապա այսպիսի արդյունք ստանալու դեպքում բավարար կլինի, որ յուրաքանչյուր արտադրող տարեկան ընդամենը 5 տոկոսով ընդլայնի իր արտադրությունը, իսկ նոր արտադրություններ չհիմնվեն:
Ստելլա Խաչատրյան