Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկումն իմաստ կստանա, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ հայտարարի՝ ով է ինքը և ինչպիսի դերակատարում է ինքն իրեն վերապահում առաջիկայում քաղաքականության մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ Ազգային Ժողովում հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ խաչաձև հարցաքննության արդյունքում վերջապես հասկացան, որ Կարապետյանը պատրաստ է լինել ՀՀ վարչապետ, սակայն դա համարեց պատասխանի ընդամենը 10 %-ը. «Ի՞նչ է լինելու, եթե պարզվի, որ այդ պաշտոնը ստանձնելուն պատրաստ է նաև Սերժ Սարգսյանը, կամ Վիգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանը 6-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստում խոսում էր ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ մոտեցող վարչապետ, իսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ելույթներում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանին տեսնում են վարչապետի պաշտոնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս ծրագրի քննարկումն իմաստ կստանա մի պարագայում, եթե Կարեն Կարապետյանը հստակ հայտարարի, թե ով է ինքը, ինչպիսի դերակատարում է իրեն վերապահում առաջիկայում քաղաքականության մեջ, և թե ինչու է 2016թ. ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:
Փաշինյանի խոսքով՝ ամեն ինչ շատ նման է նրան, որ այսօր իրենք ներկա են ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ծրագրի քննարկմանը, այլ նրա կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին. «ՀՀԿ-ական ներկայացուցիչների հայտարարություններում կա հետևյալը՝ «Մավրը արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս իմաստով շատ կարևոր է, որ վարչապետը երկու հարցի հստակ պատասխան տա. պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կառավարությունում կամ Վիգեն Սարգսյանի կառավարությունում լինել փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար, ֆինանսների նախարար, ում տեղում Փաշինյանի ելույթի պահին նստած էր Կարեն Կարապետյանը: