Հայաստանի նախագահի աշխատակազմը տարածել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի շնորհավորական ուղերձը Սերժ Սարգսյանին, որն իր մեջ պարունակում է բավական հետաքրքրական ենթաուղերձներ:
Նախ, Օբաման հիշեցնում է Սերժ Սարգսյանին, որ երկուսով էլ սկսում են նախագահության երկրորդ ժամկետը: Զուգահեռության այդ շեշտադրումը միգուցե ընդամենը փաստի պարզ, մարդկային, անմիջական արձանագրում է: Բայց դա շատ է հիշեցնում ամերիկյան կինոնկարներում հաճախակի պատահող հայտնի ժեստը՝ դիմացինին ակնդետ հետեւելու մասին, ինչն էլ իր հերթին կարող է նշանակել ստանձնած կոնկրետ պարտավորությունների կատարմանը ձեռնամուխ լինելու անհրաժեշտության ակնարկ:
Հաջորդ հետաքրքրական «ենթաուղերձը» բավական թափանցիկ ու բաց է՝ ամերիկյան ներդրողներն ակնկալում են ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումներ, որպեսզի ներդրում կատարեն արժեքավոր գործընկերոջ երկրում: Այդ բավական հստակ ակնարկն ըստ ամենայնի «թիրախավորում» է վարչապետի պաշտոնը, որի համար ԱՄՆ եւ Ռուսաստանը կարծես թե բավական թեժ պայքար են սկսել:
Սերժ Սարգսյանը մարտի 12-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հավանաբար բավական լուրջ կդրվի Հայաստանի վարչապետի պաշտոնի հարցը: Մոսկվան արդեն իսկ սկսել է հոգեբանական լուրջ ճնշումը Հայաստանի վրա: Մարտի մեկի տարելիցի խորհրդանշական օրը Մոսկվայից տեղեկություն է ստացվում, որ դեսանտային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են գալ եւ Հայաստանում ճգնաժամ հանգուցալուծել: Ֆորմալ առումով Հայաստանն իհարկե պետք է կանչի, որ գան, բայց ինչպես հայտնի է, իրական ռեժիմում Ռուսաստանն այդ կանչին չի սպասում եւ կարող է կամ գալ ու ճգնաժամ ստեղծել, կամ ճգնաժամ ստեղծել՝ ու գալ:
Իսկ մինչ այդ, Հայաստան է եկել Գազպրոմբանկի փոխնախագահ, Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը Ռուսաստանում աշխատանքի հետ փոխած Հայռուսգազարդի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ով համարվում է վարչապետության Մոսկվայի թեկնածուն:
Երբ հայկական մամուլի տեղեկություններով Կարեն Կարապետյանը Երեւանում հանդիպումներ էր ունենում քաղաքական տարբեր շրջանակների հետ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դեսպանատան տնտեսական ու քաղաքական հարցերի խորհրդականների հետ միասին այցելության էր գնացել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում նախորդ տարվա դեկտեմբերին հրավիրեցին ԱՄՆ եւ բավական ներկայանալի տնտեսական ու քաղաքական ընդունելության արժանացրին, հանդիպումներ կազմակերվեցին ՏՏ ոլորտի ամերիկյան հսկաների հետ, որոնք ցանկություն արտահայտեցին ներկայացված լինել Հայաստանում: Այդպիսով թերեւս ցույց տրվեց բավական ակնառու կերպով, որ առկա իրավիճակում ԱՄՆ հենց Տիգրան Սարգսյանին է տեսնում վարչապետի պաշտոնում:
Օբամայի ակնարկը՝ տնտեսական բարեփոխումների եւ ամերիկյան ներդրողների ակնկալիքների մասին, հանդիսանում է ԱՄՆ այդ դիրքորոշման վերահաստատում, արդեն նախագահի մակարդակով, ինչը իր հերթին նշանակում է, որ Միացյալ Նահանգները Մոսկվայից պակաս տրամադրված չէ վարչապետի պաշտոնի համար մրցակցությունում;
Թեեւ չի բացառվում, որ Պուտինի եւ Օբամայի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված միջազգային որոշ պայմանավորվածություններ նպաստեն կողմերի «գոտեմարտը» Հայաստանյան տիրույթում թուլացնելուն: Իհարկե, երկու նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետի պաշտոնի հարցի քննարկում պատկերացնելը ծիծաղելի է, բայց ընդհանուր մթնոլորտը, որ կարող է այս կամ այն կերպ ձեւավորվել զրույցի արդյունքում կամ հետեւանքով, անշուշտ կարող է նաեւ այդ հարցի վրա ունենալ որոշակի եւ նույնիսկ վճռորոշ ազդեցություն:
Եվ Բարակ Օբամայի ուղերձի թերեւս ամենաուշագրավ «ենթաուղերձը». ԱՄՆ նախագահը Սերժ Սարգսյանին հիշեցնում է իր «ժառանգության» ստեղծման մասին: Հայաստանի նախագահի ընտրության պաշտոնական արդյունքի եւ հետընտրական զարգացումների ֆոնին, բառի ընտրությունն իսկապես հետաքրքիր է: Ամենայն հավանականությամբ, դա պարզապես հետընտրական նոր ստատուս քվոյի ճանաչման անուղղակի ակտ է՝ բառախաղի միջոցով, եւ նաեւ անուղղակի ու թափանցիկ ակնարկ-հորդոր Սերժ Սարգսյանին՝ ճանաչել այդ ստատուս-քվոն որպես երկրորդ ժամկետի ամբողջական պաշտոնավարման երաշխիք:
Ի դեպ, դա եւս հետաքրքիր ակնարկ է, Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից, Մոսկվայից ստացված դեսանտաճգնաժամային հայտարարությունների համատեքստում: