Ազատության հրապարակում օրերս անցկացված hայկական և բրիտանական նվագախմբերի համերգը, որով սկիզբ էր դրվել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, ու որին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Միացյալ Թագավորության դեսպանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլոք, բավական խորհրդանշական պետք է համարել. Անգլիան կարծես սկսում է ակտիվացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, որի մասին վկայում են բավական խոսուն իրողություններ:

Այսպես` հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ստորագրել էին նամակ-համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր: Դեսպանն իր խոսքում ընդգծել էր համաձայնագրի կարևորությունն ու վստահություն հայտնել, որ այն հնարավորություն է տալու սերտ կապեր հաստատելու երկու խորհրդարանների միջև՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները և աշխատակազմի կարողությունները զարգացնելու համար: Հունիսի 24-ին էլ դեսպան Ֆարնուորթը News.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ բրիտանական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի մի շարք ոլորտներում ներդրումներով։ «Հայաստանում որոշ ոլորտներ կան, որոնցով բրիտանական բիզնեսը հետաքրքրված է, մասնավորապես՝ արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտները»,-ընդգծել էր Ջուդիթ Ֆարնուորթը։

Այն, որ հազիվ թե աշխարհում գտնվի մեկն, ով սեփական փողի արժեքն ավելի լավ գիտակցի, քան Անգլիան, պատմականորեն փաստված իրողություն է. Բրիտանական կայսրության ողջ պատմությունն է աներկբայորեն փաստում ասվածը: Հետևաբար` կարծել, թե դեսպանի` Հայաստանում հնարավոր ներդրումների մասին խոսքերը պայմանավորված են ընդամենն ինչ-որ բիզնես շահերով այն պարագայում, երբ աշխարհում մեր երկիրը նույն բիզնես շահավետության տեսանկյունից վերջին տեղերում է հանգրվանում` պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով, կատարյալ միամտություն կլիներ. չտեսնել այստեղ հստակ աշխարհաքաղաքականություն, ուղղակի անհնար է: Ընդ որում` հասկանալու համար դեսպանի խոսքերի խորքային էությունն ու բուն ասելիքը, հարկավոր է այն դիտարկել ԱՄՆ դեսպանի 8 միլիարդանոց առաջարկի համատեքստում. անկասկած է, որ անգլո-սաքսոնական ճակատը որոշել է միասնաբար հանդես գալ Անդրկովկասում` հետապնդելով շատ կոնկրետ նպատակներ, նպատակներ՝ ուղղված նախևառաջ ընդդեմ Ռուսաստանի: Հայաստանը, որ նույն անգլո-սաքսոնական աշխարհի կողմից ընկալվում է հիմնականում որպես Ռուսաստանի կցորդ պետություն, այժմ, պայմանավորված կոնկրետ հանգամանքներով, որոշակի հակասության մեջ  է հայտնվել իր հյուսիսային դաշնակցի հետ` արցախյան հարցում Մոսկվայի ունեցած ոչ այնքան հայանպաստ պլաններով պայմանավորված: Հետևաբար` օգտվելով առիթից ու այն հանգամանքից, որ այժմ Հայաստանը փորձում է սեփական աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնել Անդրկովկասում` այդ թվում և հակակշիռների միջոցով, Արևմուտքն, ի դեմս դրա առաջատար անգլո-սաքսոնական թևի, որոշել է բավարարել Երևանում առաջացած համապատասխան պահանջարկը: Ակներև է` թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Մեծ Բրիտանիայի դեսպանների քայլերը սինխրոն կերպով միմյանց միջև համաձայնեցված են ու հանդիսանում են միևնույն քաղաքականության նույնանման դրսևորումները:

Հարց է առաջանում` իսկ ի՞նչ է  այս ամենի մասին մտածում  Կրեմլը, որն արդեն Արտգործնախարար Լավրովի շուրթերով հասցրել է իր մտահոգությունը հայտնել Արևուտքի կողմից հետխորհրդային տարածքում  դրսևորվող ակտիվացման վերաբերյալ` համարելով, դիցուք, «Արևելյան գործընկերությունը» բացառապես հակառուսական պրոյեկտ: Ճիշտ է` միգուցե ոմանք այստեղ Հայաստանին ակնարկող ոչինչ էլ չտեսնեն, սակայն ակնհայտ է, որ ՌԴ-ն չի կարող չտեսնել Անդրկովկասում ընթացող շատ հստակ պրոցեսներ, որոնք, բնականաբար, չեն կարող բխել Մոսկվայի շահերից: Ցանկացած քայլ Արևմուտքի ուղղությամբ, որ ձեռնարկվում են այն երկրներում, որոնք Ռուսաստանը համարում է ավանդաբար իր ազդեցության տակ գտնվող պետություններ, Կրեմլում չափազանց ցավագին են ընդունվում: Ի դեպ` պատահական չես համարի նաև այս ամենի ֆոնին ՌԴ կողմից Ադրբեջանին կրկին անգամ զենք տրամադրելու փաստը, որն ուղղակի արձագանքն է Սերժ Սարգսյանի այցին Բրյուսել ու դրան հետևած իրողությունների: Ճիշտ է` այցը չէր կարող համաձայնեցված չլինել Կրեմլի հետ, սակայն ազերիներին կրկին զինելու քայլով Մոսկվան Երևանին հասկացնում է` ամեն բան գեղեցիկ է չափի մեջ: Այս պարագայում էլ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանն է փորձում հակակշիռների քաղաքականության միջոցով չկորցնել իր վերահսկողությունը Անդրկովկասի վրա ու ու թույլ չտալ Արևմուտքի հավելյալ առաջխաղացում. մերթ ազերիներին է հաճոյանում, մերթ՝ Երևանին:

Իհարկե, հակակշիռների քաղաքականությունն ունի նաև դրական կողմեր՝ երբեմն օգտակար է համարվում` մեծ քաղաքականության մեջ ինչ-ինչ հարցեր լուծելու համար, սակայն այն, որ նման քաղաքականությամբ դժվար է հեռուն մագլցել, անկասկած է. չափից դուրս շատ հակակշիռների գոյությունը, դիցուք, Անդրկովկասի նման զգայուն տարածաշրջանում, մի օր անխուսափելիորեն բերելու է իրավիճակի պայթեցման, քանի որ շանտաժն այն լեզուն չէ, որով հնարավոր լինի  փոխվստահության համար բարենպաստ մթնոլորտ ապահովել. մտածել է պետք…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ