«Մենք ծնկողը չենք, մենք այլևս զիջելու և կորցնելու բան չունենք, և քաղաքական ուղղակի հրամայական է, որ քաղաքական ուժերը խորհրդարանում և խորհրդարանից դուրս համախմբվեն՝ ավելի լավ Հայաստան ունենալու համար։ Պետք է շեշտեմ, որ մենք ունենք այդ հնարավորությունը»,-այսօր «Ժառանգության» 11-րդ համագումարի ժամանակ բացման իր խոսքով ներկաներին դիմեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հատուկ ընգծեց, որ այս կուսակցությունը երբեք իր քաղաքական գիծը չի փոխել, անկախ նրանից իրենք պաշտոն ունեցել են, թե՝ ոչ. «Մեզ երբեք չի հետաքրքրել կոճակ սեղմելու հնարավորությունը և մշտապես եղել ենք անօրեն բանտարկված և իշխանություններից դժգոհող քաղաքացիների կողքին: Ամենադժվարին պայմաններում էլ պայքարը շարունակել և շարունակելու ենք»:
Կուսակցության ղեկավարը խոսեց նաև իր ընտանիքի անդամների՝ ԱՄՆ-ում բնակվելու մասին՝ շեշտելով, որ, թեև այս օրերին իր ընտանիքի անդամներից ոմանք ապրում են ԱՄՆ-ում, և այդ հանգամանքը դարձել է ոմանց համար շահարկումների թեմա, բայց մեկ բան հստակ պետք է իմանան բոլորը. «Մենք Հայաստանից գնացողը չենք»:
«Ժառանգության» առաջնորդն անդրադարձավ նաև խորհրդարանական ընտրությունների հետևանքով Ազգային ժողով հայտնված կոալիցիոն և ընդդիմադիր ուժերին՝ նշելով, որ իր ղեկավարած կուսակցությունը շարունակելու է համագործակցությունը բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ լինեն նրանք խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձ կատարեց ԵԼՔ կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, ով «Ժառանգության» առաջնորդին «քաղաքական դիակ» էր անվանել.
«Շատ ցավալի է, որ ընդդիմադիր դաշտում նման մտածողությամբ մարդիկ կան, պետք է նրանց ի պատասխան ասեմ, որ բոլորս էլ դիակ ենք դառնալու»: