Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը սպառնում են ոչ թե կանխարգելել, այլ ընդհակառակն, խրախուսել ամեն կարգի կոռուպցիոն դրսևորում և անօրինական գործունեություն:
Վերջին շռնդալից բացահայտումն էլ կապված է Միհրան Պողոսյանի անվան հետ. ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նորաթուխ պատգամավորը կամ հասարակական տրանսպորտի, կամ հեծանիվի մեծ երկրպագու է: Բանն այն է, որ ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, որքան զարմանալի է, ավտոմեքենա չունի. գոնե այդպես է նշված բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրում: Այս փաստը հետաքրքիր է այն առումով, որ Մ. Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը Հայաստանում ճապոնական արտադրության BYD ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է, եւ նրանք են այդ մեքենաները ներկրում: Որքան էլ զարմանալի է սակայն, ավտոմեքենա չունեցող Պողոսյանը հայտարարագրած տասնյակ շենք-շինությունների թվում հիշատակել է նաև իր ավտոտնակի մասին: Թե որպես ինչ է այդ ավտոտնակը օգտագործում օֆշորի արքան՝ հայտնի է թերևս միայն իրեն, մեր մտքի թռիչքը կբավարարի միայն ենթադրելու, որ ամեն դեպքում Պողոսյանը չի կորցնում հույսը՝ օրերից մի օր երկաթե նժույգ ձեռք բերել:
Սա բնավ առաջին դեպքը չէ, երբ վերոնշյալ հանձնաժողովը, մեղմ ասած՝ աբսուրդի տիրույթին պատկանող տեղեկատվություն է հրապարակում: Հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք մի կառույց, որին չի կարող վստահել և հավատալ իրեն բանական համարող և ոչ մի մարդ: Ո՞ւմ է պետք մի կառույց, ում հրապարակած հայտարարագրերին սպասում ենք ընդամենը լիաթոք ծիծաղելու համար: Եթե ներկայացված հայտարարագրերի առնվազն 5 տոկոսը ճմշարտությանը մոտ է, ապա կարելի է ազգովի գումար հավաքել և նյութական օժանդակություն ցուցաբերել նման սոցիալական պայմաններում գոյատևող պաշտոնյաների համար: Հետո՞ ինչ, որ նրանք մեր մասին չեն մտածում, մենք էլ հո նրանց նման չե՞նք…
Ստելլա Խաչատրյան