Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով հերթական դատաքննության նիստին այսօր՝ հունիսի 27-ին, կրկին խնդիր առաջացավ փաստաբանների անձնական իրերի զննության հետ կապված:
Նշենք՝ դատարան մտնելիս փաստաբանի անձնական իրերի զննության իրավունք կա, իսկ խուզարկության՝ ոչ:
Հերթական անգամ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը հրաժարվեցին թույլ տալ զննել իրենց, արդյուքնում՝ նրանց հնարավորություն չտրվեց մտնել դահլիճ:
Եթե նախորդ նիստի օրինակով՝ վերջին պահին բացառություն չարվի, ապա այսօր առանց պաշտպանի ներկայության դատական նիստը չի կայանա։
Փաստաբան Տիգրան Եգորյանին թույլ տրվեց մտնել դատական շենք՝ առանց պայուսակի հանգամանալից զննության, որոշ բանակցություններից հետո: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ թե բանակցել է, այլ դատական կարգադրիչին բացատրել է, որ իր պայուսակը բաղկացած է 5 բաժիններից: Իսկ դատական կարգադրիչն ասել է, որ վստահում է իրեն, փաստաբանը նշեց՝ ցավոք, այդ վստահությունը ձեռք բերելու համար ահագին ժամանակ կորցրեց:
Հավելենք նաև՝ քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանը հեռացվեց դատարանի դահլիճից՝ ոտքի չկանգնելու համար:
Նշենք՝ այսօր դատարան է եկել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: