ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ օրերս դատարանի նկուղում ոստիկանության կողմից կալանավորների նկատմամբ կիրառված բռնության համար որևէ մեկը ենթարկվել է պատասխանատվության, ՀՀ փոխոստիականապետ Անուբաղ Համբարյանը պատասխանեց, որ չի կարող հստակ ասել՝ եղե՞լ է միջադեպ, թե՝ ոչ:
Նիկոլ Փաշինյանն էլ միջամտեց. «Չեք կարծո՞ւմ, որ շատ վատ է, երբ ոստիկանությունը դեպքի ահազանգից 24 ժամ հետո՝ դեռ չի կարող ասել՝ միաջադեպ եղել է, թե՝ ոչ: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ եղել, այնտեղի վարչակազմը ինձ հավաստիացրել էր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, որոնք վերադարձել են դատավարությունից, մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գնդի գումարտակի հսկողության տակ: Առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել ՔԿՀ-ից, վնասվածքներով՝ վերադարձել, այս փաստը Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է», - ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե ոստիկանությունը հերքում է, որ նման բան է եղել, ապա գոնե պետք է վարկած ունենա, թե որտեղից են այդ վնասվածքները հայտնվել. «Կարո՞ղ եք գոնե կռահել՝ միջադեպ եղե՞լ է, թե՞ չի եղել»,- հետաքրքրվեց նա:
Ի պատասխան՝ փոխոստիկանապետն ասաց, որ նախ պետք է պարզել՝ ունե՞ն այդ անձինք վնասվածքներ. «Դա միայն դատաբժիշկը կարող է ասել, ուրիշ ոչ ոք», - ասաց Անուբաղ Համբարյանն՝ ընդգծելով, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները և եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն:
Պատասխանից զայրացած Փաշինյանն ասաց՝ այդ տրամաբանությամբ ոստիկանության «02» հաղորդումը փակե՛ք. «Ասեք՝ ինչ-որ դեպքեր են եղել, նախաքննությունը կպարզի՝ ինչ է եղել: Երբ հարցը ընդդիմությանն է վերաբերում, կիլոմետրանոց հաղորդագրություններ, սցենարներ եք գրում՝ ստեղից մտել են, զենք-զինամթերք... բա էն ժամանակ ինչի՞ չեք ասում նախաքննությունը կպարզի»,- նշեց նա:
«Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որ հաղորդումը պիտի փակենք», - հակադարձեց փոխոստիկանապետը: